Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ գործարկել է «Պոլոնեզ»-ները (տեսանյութ)
12.03.2019
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ին մեկնարկած լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ գործարկել է Բելառուսից վերջերս ձեռք բերած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
«Պոլոնեզ»-ի 6 հաշվարկը երեւում է Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած կադրերում: «Ըստ վարժանքների՝ հրթիռային ստորաբաժանումները տագնապի ազդանշանով բարձրացվել են ու լքել մշտական տեղակայման վայրը: Մեկնարկային դիրքեր զբաղեցրած ստորաբաժանումներն առավելագույնը ռազմականին մոտեցված պայմաններում իրականացրել են պայմանական թշնամու թիրախներին հրթիռներով հարվածելու առաջադրանքներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ զորավարժություններին մասնակցում է մինչև 10 000 զինծառայող, 5000 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 20 միավոր բանակային և մարտական ավիացիա:
Վարժանքների շրջանակում զորքերը կիրականացնեն հարձակողական գործողության նախապատրաստում, մի քանի ուղղությամբ պայմանական թշնամուն հարվածներ հասցնելու, պաշտպանությունը ճեղքելու և ռազմական խմբավորումները ջախջախելու առաջադրանքներ: