Անընդունելի արարք է. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ «Արցախը Հայաստան է և վերջ» պաստառի մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը չի փոխվել և երկիրը դեռ պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հակամարտության խաղաղ լուծման հարցում․ հայտնում է ifpnews.com-ը։
«Ինչպես շարունակաբար կրկնել եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր բոլոր հարևանների հետ կապված պարզ, թափանցիկ ու հստակ դիրքորոշում ունի։ Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն իր հարևաններն են։ Մենք պատրաստակամ ենք նրանց հետ ամուր կապեր ունենալ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաև համագործակցությունն ավելի ընդլայնելու ձգտման վրա»,- ասել է Բահրամ Քասեմին։
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ հարևան երկրներից որևէ մեկի հետ Իրանի հարաբերությունները չեն կարող դեմ լինել մեկ այլ հարևան երկրի շահերին։ Խոսելով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին՝ Բահրամ Քասեմին ընդգծել է. «Իրանի դիրքորոշումն այս թեմայի շուրջ մնում է հստակ ու թափանցիկ և չի փոխվել։ Մենք կարծում ենք, որ այս խնդիրը պետք է հարթվի միջազգային կարգավորումների և երկխոսության միջոցով։ Կարևոր է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չազդի Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների վրա»։
«Հայաստանի վարչապետի ներկայությունը Թեհրանի «Արարատ» մարզական ակումբում և նրա հանդիպումը հայ համայնքի հետ, ըստ էության, անտրամաբանական գործողություն չի թվում, սակայն «Արարատ» մշակութային և մարզական համալիրում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայալեզու կարգախոսներով մի քանի պաստառ փակցնելը, անկասկած, անզուսպ և անընդունելի արարք է, որն Իրանի Իսլամական Հանրապետության կողմից չի խրախուսվում»,- ասել է Քասեմին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի էր հրապարակել Թեհրանի «Արարատ» կենտրոնում հայ համայնքի հետ հանդիպումից, որտեղ հետին պլանում «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ պաստառ է երևում: