Վանեցյանի հայտարարությունը նյարդայնացրել է Բաքվին. նա բողոքել է Իգոր Պոպովին
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ՀՀ ղեկավարության վերջին հայտարարությունները: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
«ՀՀ ղեկավարության վերջին հայտարարությունները միտված չեն խաղաղության: Օրինակ, ԱԱԾ տնօրենի վերջին հայտարարությունը: Այս հարցի շուրջ ես այսօր զրուցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ», — ասել է նա այսօր ասուլիսի ժամանակ:
Մամեդյարովը խնդրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին հաջորդ շաբաթ Երևան կատարվելիք այցի ժամանակ հարցնել ՀՀ ղեկավարությանը. «Մենք պատրաստելո՞ւ ենք մեր ժողովուրդներին խաղաղության, թե՞ այլ ուղղության»:
Իր հերթին Լայչակը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության բոլոր կողմերի կողմից ընդունված բանակցային միակ ձևաչափն է.
«Այս ձևաչափի ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի մյուս կողմի հետ», — շեշտել է նա:
Հիշեցնենք, անցած շաբաթ ԱԱԾ տնօրեն Արթուր վանեցյանը Արցախում հայտարարեց, որ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը:
«Այն ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, իմ և մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են թեման, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը», - ասել է Արթուր Վանեցյանը։