Գերիներին չփոխանակելու հետևանքը. Ղազարյանը Բաքվում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Minval.az-ը։
Կարեն Ղազարյանը դատապարտվել է մի քանի հոդվածներով՝ սպանություն, ահաբեկչություն, լրտեսություն և այլն, չնայած այն հանգամանքին, որ նա քաղաքացիական անձ է: Ադրբեջանում նրան որակել են որպես դիվերսանտ։
Հիշեցնենք, Կարեն Ղազարյանը հայտնվել է Ադրբեջանում 2018թ. հուլիսին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ ու որևէ կերպ կապ չունի զինվորական ծառայության հետ.
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։ Սակայն, փաստացի, Ադրբեջանին դա չխանգարեց:
Նոյեմբերին Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարազատները բողոքի ակցիա կազմակերպելցին՝ փակելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում էին փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին։ Ադրբեջանի կողմից գերիների փոխանակության առաջարկի մասին լուրը նոյեմբերի սկզբին հայտնել էր ռուսական գործակալություններից մեկը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։ Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ իրենք նման առաջարկ չեն ստացել։
Արդեն դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների փոխանակման հետ կապված համաձայնության Իլհամ Ալիևի հետ չեն եկել, բայց քննարկումները կշարունակեն:
«Իրենք առաջարկում են բոլորը բոլորին, բայց մենք այդտեղ խնդիր ունենք, և Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը: