Freedom House. Վրաստանում լուրջ խնդիրներ կան դատական և ընտրական համակարգերում
Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները, չնայած երկրում ընթացող դատական բարեփոխումներին, ի վիճակի չեն լիարժեքորեն ապահովել դատարանների անկախությունը: Այս մասին երեկ հրապարակած զեկույցում նշում են արևմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի` Freedom House-ի ներկայացուցիչները:
Իրավապաշտպանները նկատում են, որ Վրաստանում բավական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել նաև ընտրական համակարգի գործունեության առումով: Ըստ Freedom House-ի ներկայացուցիչների՝ նախորդ տարեվերջին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների բնականոն ընթացքի վրա ստվեր նետեցին հիմնականում իշխող կուսակցության կողմից բաժանված ընտրակաշառքի մասին տեղեկությունները:
«Բացի այդ, տեղեկություններ ի հայտ եկան ընտրատեղամասերի մոտ «Վրացական երազանք»-ի ակտիվիստների ցուցակներով հերթապահող անձանց, ինչպես նաև վարչական ռեսուրսի կիրառման մասին», - պնդում են Freedom House-ի ներկայացուցիչները:
Զեկույցի հեղինակները նկատում են, որ երկրի ամենահարուստ գործարարի` «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ստվերային դերակատարությունը «թուլացնում է ընտրված պաշտոնյաների` կառավարության քաղաքականությունն ի կատար ածելու հնարավորությունը»: «Իվանիշվիլին լուրջ ազդեցություն է պահպանում իշխանության թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր թևերի հանդեպ», - ասված է զեկույցում: