Անկարան հանձնառու է Ռուսաստանի հետ Ս-400-ի իր գործարքին
Թուրքիան մտադիր է ձեռք բերել ռուսական Ս-400 հրթիռային համալիրը: Այս մասին հայտարարել է արտասահմանյան գործերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Վոլքան Բոզքիրը՝ ոչ պաշտոնական դեդլայնի նախաշեմին, որը Վաշինգտոնը Անկարայի համար նշանակել է պատասխան ստանալու ռուսական համակարգերի փոխարեն ամերիկյան Patriot ՀՀՊ գնելու առաջարկին, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Անկարան հանձնառու կմնա Ռուսաստանի հետ Ս-400-ի գործարքին, քանի որ Թուրքիայի իշխանությունները համակարգի կարիքն ունեն անվտանգության խնդիրը լուծելու համար:
«Ինչ վերաբերում է Patriot-ին, ապա եթե հնարավորություն լինի այն մակարդակում, որը մենք ցանկանում ենք, ապա այն նույնպես կարող ենք գնել»,- ասել է նա Վաշինգտոն այցի ժամանակ՝ հավելելով, որ Թուրքիան կարեւորում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:
Նա նշել է, թե սխալ է խնդիրները Թուրքիայի միջոցով լուծել այն պատճառով, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ խնդիրներ ունի: