Հայաստանում 300 մլրդ դրամ կա, որ ոչ մեկինը չէ. Նիկոլ Փաշինյան
Այս պահին 300 մլրդ դրամ կա Հայաստանի Հանրապետությունում, որ դատական պրոցեսի մեջ գտնվելու պատճառով ոչ մեկինը չէ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կարևոր է համարում, որ դատական վեճերի լուծման այլ մեխանիզմներ գործի դրվեն:
Ըստ նրա, դատական համակարգի ներկայիս գործունեությունը վնասում է ՀՀ տնտեսությանը։ Վարչապետը նշեց, որ դատաիրավական բարեփոխումների համակարգում չափազանց մեծ նշանակություն են տալիս դատական վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին, եղանակներին, որովհետև դատական համակարգի այսօրվա գործունեությունը շատ մեծ խնդիներ է ստեղծում տնտեսության համար։ Պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ինչպես է պատկերացնում նա արբիտրաժային դատարանի զարգացման հեռանկարը, վարչապետը հիշատակեց 300 մլրդը և նշեց.
«Այս պահին 300 մլրդ դրամ կա ՀՀ-ում, որ դատական պրոցեսի մեջ գտնվելու պատճառով ոչ մեկինը չէ։ Դա ինչ-որ մի տեղ դրած է, և տարբեր մարդիկ վիճում են, թե այդ գումարն ումն է և քանի դեռ այդ վեճը լուծված չէ, այդ գումարը չի կարող ներդրվել տնտեսության մեջ»: