VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի՝ օրերս արված հայտարարությունները Արցախի տարբեր շրջանակներում կոշտ արձագանքի են արժանացել: Նախ՝ նրան հակադարձեցին 2020 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտները՝ Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը, ապա նրա իսկ կողմից մատնանշված՝ շարժման ակտիվիստներ Ռազմիկ Պետրոսյանն ու Արմո Ծատրյանը: Բանն այն է, որ Սամվել Բաբայանն, ըստ էության, Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ դեմքերին մեղադրել էր Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «զիջողական գիծը» պահելու մեջ, իսկ ինչպես շարժման դեմքերն են ներկայացնում, Սարգսյանը ոչ թե զիջումներից է խոսել, այլ իրենց առաջարկով մանրամասն անդրադարձել է Արցախյան հարցով ընթացող բանակցություններին, ներկայացրել միջնորդների, Ադրբեջանի դիրքորոշումն ու հիմնական մոտեցումները, ինչպես նաեւ՝ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը: Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, շարժման նույն դեմքերը մասնավոր զրույցներում սպառնացել են առաջիկայում անդրադառնալ Բաբայանի իրական կերպարին, մասնավորապես՝ հիշեցնել պատերազմին նախորդած փուլում նրա իսկ կողմից զիջումների գնալու պատրաստակամության մասին, ինչը կանխվել է դաշտային հրամանատարների կողմից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի քաղաքական էլիտաների միջեւ անջրպետը մեծանում է։ «Նիկոլ Փաշինյանը քաշել է այդ գիծը եւ արցախյան ղեկավարությանը մեկուսացրել ղարաբաղյան կարգավորման խնդրից․ մի կողմից հայտարարում է, որ ամեն ինչ անելու է Արցախը բանակցային կողմ դարձնելու համար, մյուս կողմից ինքն է խզել կապերը Ղարաբաղի ղեկավարության հետ»,- ասաց մեր աղբյուրը։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն արցախյան հարցի վերաբերյալ բոլոր կարեւոր արտերկրյա հանդիպումներից առաջ եւ հետո ավանդույթ էր ձեւավորել՝ մեկնում էր Արցախ, հանդիպում տեղի քաղաքական էլիտայի հետ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը նման քննարկումներ, հանդիպումներ չի ունենում։ Արցախի իշխանությունները եւ էլիտան սկզբնական շրջանում ամեն ինչ անում էին նրա բարեհաճությանն արժանանալու համար, սակայն ինչ-որ պահից այլ մարտավարություն ընտրեցին։ Նրանք որոշել են այսուհետ պահել ներքին համերաշխություն եւ կոշտ հակազդել հայաստանյան իշխանություններին, եթե միջամտեն իրենց ներքին կյանքին։ Ինչպես եղավ, օրինակ, Սամվել Բաբայանի՝ «հող հանձնելու» վերաբերյալ մեղադրական հայտարարությունից հետո։ Այդ հայտարարությանն արձագանքեց ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, չնայած նա հեղափոխությանն ու Փաշինյանի իշխանությանը թիվ 1 սատարողն է Արցախում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մյուս շաբաթ Արցախ է մեկնելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նախկինում ԱԺ նախագահների Արցախի Հանրապետություն այցերը, հատկապես առաջին, բավական ներկայացուցչական էին, դրանց կազմում ընդգրկված էին լինում խորհրդարանական տարբեր խմբակցություններ ներկայացնող մի քանի պատգամավորներ, քանի որ ՀՀ եւ ԱՀ խորհրդարանները իրար հետ հարաբերվում են ոչ թե բարեկամական խմբերի, այլ միջխորհրդարանական հանձնաժողովների մակարդակով: Այս անգամ ԱԺ նախագահի առաջին այցը լինելու է խիստ համեստ եւ հնարավորինս խնայողական»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ երեք նախագահներն էլ հարցաքննվել են մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, պարզապես, տարբեր կարգավիճակներով: Երեկ ՀՔԾ-ն հարցաքննության էր հրավիրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ վկայի կարգավիճակով: Երկու անգամ որպես վկա հարցաքննվել է երրորդ նախագահ ՍերԺ Սարգսյանը, որ մարտի 1-ին զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը եւ այդ իրադարձությունների արդյունքում ստաձնեց երկրի ղեկավարի պաշտոնը: Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ին դեռ գործող նախագահն էր, արդեն մի քանի ամիս է՝ մեղադրյալի կարգավիճակով է, այս գործով մեղարյալներից միայն ինքն է կալանքի տակ, ավելին՝ երեկ էլ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու պաշտպանների բողոքը: Այսպիսով, կարելի է ակնկալել, որ մարտի 1-ի գործով նախաքննությունը կարող է օբյեկտիվ ընթացք ստանալ. ի վերջո, երեք նախագահներն էլ այս իրադարձությունների կողմ են եղել, պարզապես եղել են երկու տարբեր կողմերում: Ու տրամաբանությունը հուշում էր, որ այդ հարցաքննությունները պետք է կատարվեին դեռ տասը տարի առաջ: Այս տարիներին շատ է խոսվել նրանց հարցաքննելու անհրաժեշտության մասին. ի վերջո, նրանցից յուրաքանչյուրն էլ ասելիք ուներ հավանաբար: Նաեւ նրանցից յուրաքանչյուրը, հատկապես՝ 2008թ. իշխանության ղեկին եղածները, կարող են տալ կարեւորագույն հարցերի պատասխանները, եթե անկեղծ լինեն: Հ.Գ. Զարմանալի է, բայց փաստ է, որ Սերժ Սարգսյանը 2008թ. եղել է ՀՀ վարչապետը, ավելին՝ 2008թ. կեղծված ընտրությունների ու մարտի 1-ի արդյունքում դարձել է երկրի նախագահ, բայց սահմանադրական կարգի տապալման մեղադրանք նրան այդպես էլ չի առաջադրվել: Նա ընդամենը վկա է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ամանորից առաջ պետական բյուջեից նախատոնական պարգեւատրումները պարզապես պաշտոնյաների քթից եկավ. այս թեմայով բացատրություններ տալու համար երեկ էլ իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցություն էր հրավիրվել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ընդ որում, նիստը տեւեց ռեկորդային երկար՝ չորս ժամ: Եվ ինչպես պնդում են թերթի աղբյուրները, այդ չորս ժամվա ընթացքում պատգամավորները պարզապես հարցախեղդ են արել նախարարին: Եթե անկեղծ, ապա նրանք իրավացի էին, քանի որ նախարարությունում ամենամեծ պարգեւատրումները ստացել են նախարարի ազգականն ու սանիկը։ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասել է. «Սանիկի հետ կապված պարոն Ջանջուղազյանն ասաց, թե անմիջապես փոխնախարարը չէ իր սանիկը, այլ երեխաները։ Այդպիսի հարց եւս քննարկվել է։ Եվ իսկապես հանդիպումը շատ երկար է տեւել»։ Ի դեպ, Ջանջուղազյանն էլ, մեր թղթակցի հարցին ի պատասխան, սկզբում փորձել է հերքել. «Ազգակցական կապ ես որեւէ մեկի հետ չունեմ։ Հիմա որեւէ մեկը չի հարցրել այդ մասին»: Բայց երբ վկայակոչեցինք Մակունցին, նա խոստովանեց. «Այո, հարց եղել է, պարզաբանել եմ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԿԲ բոլոր հավաստիացումներին, թե մակրոտնտեսական վիճակը Հայաստանում կայուն է, երեկ դրամի փոխարժեքի հերթական արժեզրկման ականատեսը դարձանք: Բանկային համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը պնդում է, որ ԿԲ-ն դրամի փոխարժեքը պահում է ռեպրեսիվ միջոցներով՝ թույլ չտալով, որ բանկերը դոլար գնեն, եթե անգամ դրա պահանջարկը կա: Եթե նախկինում ԿԲ-ն դրամի փոխարժեքի վրա ազդում էր արտարժութային ինտերվենցիաներով, հիմա այդ ֆինանսական գործիքին դիմելու հնարավորությունը ևս սահմանափակ է՝ արտաքին պահուստների վատ վիճակի պատճառով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը վերջապես իր գործունեության ծրագիրը ուղարկեց խորհրդարան: Բայց պարզվում է, որ դա վերջնական փաստաթուղթ չէ, այլ անընդհատ փոփոխվող և լրացվող: Հիմա նախագիծը գրողներն ուսումնասիրում են արձագանքները և փորձում ըստ դրա լրացնել տեքստը: Պատգամավորներին էլ զգուշացրել են, որ վերջնական տարբերակը կարող է էականորեն տարբերվել հրապարակվածից: Դա, իհարկե, օրենքի խախտում է, բայց հիմա նման մանրուքների վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ ՊՆ բուժծառայության վարչության պետի պաշտոնին հավակնում է Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալի նախկին տնօրեն Սահակ Օհանյանը, որը եղել է նաեւ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար։ Հիշեցնենք, որ Սահակ Օհանյանի անունը մամուլում մշտապես շրջանառվել է տհաճ միջադեպերի համատեքստում․ նրա մասին գրվեց, որ 2013-ին Կանազի հոսպիտալում զինվորների է ծեծել։ Իսկ ՊՆ բուժծառայության ներկայիս պետը Գայանե Հովհաննիսյանն է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օպտիմալացվող, «սուպեր»նախարարությունները սկսել են «սուպերոճով» աշխատել լրագրողների հետ. նրանք այլևս բանավոր հարցերի չեն պատասխանում` պահանջում են հարցը գրավոր ուղարկել և, օրենքով նախատեսված` միայն 5-րդ օրն են պատասխանում: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցեր էինք ուղարկել. Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները հունվարի 22-ին ծանուցագրեր են ստացել, որ աշխատելու են մինչև մարտի 31-ը՝ «նրանց պայմանագրերը կարող են լուծվել»․ ինչո՞վ է պայմանավորված սա, և ինստիտուտը վերակառուցվելո՞ւ է, թե՞ հնարավոր է և լուծարվի: Հարցմանը «սպառիչ» պատասխան է տվել նախարարության քարտուղար Նարինե Հարությունյանը․ «Հաստիքների կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019-ին նախատեսում է «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում», «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրային միջոցառումներն իրականացնել մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է Կրթության ազգային ինստիտուտի ֆինանսավորման նվազեցում: Ելնելով այս իրողությունից` խորհուրդը որոշել է Կրթության ազգային ինստիտուտի անձնակազմին գրավոր ծանուցել հաստիքների կրճատման մասին: Միաժամանակ նշենք, որ Ձեր կողմից առաջ քաշված ենթահարցերին հնարավոր է պատասխանել` ելնելով մրցույթի արդյունքներից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ հունվարի 24-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց չարորակ նորագոյացությունների դեպքում քաղաքացիների վիրահատությունները բացարձակ անվճար իրականացնելու մասին: Մինչեւ հիմա վիրահատությոունները պետպատվերի շրջանակներում համավճարի սկզբունքով էին իրականացվում: Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ վիրահատությունները կատարվելու են այն բուժհաստատություններում, որոնք կբավարարեն պահանջներին եւ կունենան ուռուցքաբանության լիցենզիա: Նշենք, որ տեւական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթ են զանգահարում մի շարք քաղաքացիներ եւ հետաքրքրվում, թե երբվանից են մեկնարկելու անվճար վիրահատությունները: Պարզվում է` նրանք իրենց հետաքրքրող պատասխանները չեն ստանում անգամ բուժհաստատություններից: Մինչ այդ նկատենք, որ քաղցկեղի վիրահատությունը անվճար կլինի այն հիվանդանոցներում, որոնք կստորագրեն պայմանագիրը նախարարության հետ: Եւ այս դեպքում տվյալ ԲԿ-ն չի կարողանա վճարովի հիմունքներով քաղցկեղային հիվանդությունների դեպքում վիրահատություններ անել»: