Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ կործանիչներ
Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։
«Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ–30 ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է», – նշված է ՊՆ–ի պատասխանում։
Նախարարությունը չի պատասխանել ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող հարցերին։ Գերատեսչությունից հայտնել են, որ հարցադրումները պարունակում են դասակարգված տեղեկատվություն, որոնց մի մասը կհրապարակվի գործարքի իրագործման համապատասխան փուլերում։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ՌԴ կողմից սպառազինությունների ձեռքբերման նպատակով 100 միլիոն դոլար վարկի շրջանակում նախատեսված ձեռքբերումները գտնվում են իրականացման փուլում։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 1–ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին։ Նա հաղորդել էր նաև, որ եզրափակիչ փուլում են 100 միլիոն դոլար ռուսական վարկի շրջանակում սպառազինություններ առաքելու մասին բանակցությունները։
Հավելենք, որ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատանքներ է իրականացնում ռուսաստանյան արտադրության Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու ուղղությամբ:
«Գնվելը կլինի այն ժամանակ, երբ կործանիչները կլինեն Հայաստանում և մենք կցուցադրենք»,- նշել է Հովհաննիսյանը: