Ամենաապահով երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանը 62-րդն է
Global Finance ամսագիրը հրապարակել է 2019թ. ամենաապահով երկրների ցանկը: Ընդհանուր առմամբ մասնագետները հաշվարկել և ներկայացրել են 128 երկրի անվտանգության ցուցիչները:
Վարկանշային աղյուսակը կազմելու համար հաշվի են առնվել ռազմական կոնֆլիկտի հավանականությունը, հանցագործության մակարդակը և քաղաքացիների անձնական անվտանգությունը, ինչպես նաև տնտեսական զարգացման մակարդակն ու բնական և տեխնածին աղետների հավանականությունը, ընդ որում՝ որքան ցածր է ցուցիչը, այնքան ապահով է համարվում տվյալ երկիրը:
Վերը նշված գործոնների արդյունքում Հայաստանը 10,25 միավորով 62-րդ հորիզոնականում է: Նույնքան միավոր են ստացել նաև Պարագվայը և Չիլին:
Աղյուսակի առաջին տասնյակում հայտնվել են զարգացած տնտեսություն և առողջապահության լավ համակարգ ունեցող եվրոպական երկրները: Առաջին եռյակում հայտնվել են, համապատասխանաբար, Իսլանդիան, Շվեյցարիան և Ֆինլանդիան:
Հատկանշական է, որ, չնայած տնտեսական բարձր զարգացվածությանը, Ճապոնիան բնական աղետների բարձր ռիսկի պատճառով 43-րդ տեղում է, իսկ ԱՄՆ-ն, հանցագործությունների բարձր մակարդակով պայմանավորված, 65-րդ հորիզոնականում է հայտնվել: Ռուսաստանը 108-րդ հորիզոնականում է:
Հարևան երկրներից Վրաստանը հայտնվել է 49-րդ, Թուրքիան՝ 107-րդ, Ադրբեջանը՝ 71-րդ, Իրանը՝ 77-րդ տեղում:
Ըստ ամսագրի՝ ամենավտանգավոր երկրները Գվատեմալան, Եմենը և Ֆիլիպիններն են: