Հայաստանին լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք. ԵՄ հանձնակատար
Մենք մեծ կարեւորություն ենք տալիս ԵՄ-Հայաստան հարաբերություններին եւ պատրաստ ենք ուժեղացնել մեր աջակցությունը քաղաքացիների կյանքի բարելավման համար։ Այս մասին այսօր Հայաստանում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
«Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որ նվիրված է իրավունքի գերակայությանը եւ այլ հատուկ ձեռքերումներին, եւ անշուշտ լրացուցիչ օժանդակություն կլինի Հայաստանի համար: Ես հանդգնում եմ հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք անցյալ տարի տեղի ունեցած դրական զարգացման»,- ասաց նա:
Հանձնակատարի խոսքով՝ շատ կարեւոր է երկրում առկա դրական տրամադրությունը, այն դրսում էլ է զգացվում եւ ազդում է ներդրումային միջավայրի վրա։
«Այսօր, քան երբեւէ, մարդիկ ոգեւորված են, որ գան Հայաստան եւ ներդրումներ անեն: Մենք քննարկեցինք հատուկ ներդրումային խորհրդաժողով անցկացնելու կարեւորությունը, որը Եվրոպական ընկերություններին թույլ կտա ծանոթանալ այստեղ առկա տրամադրություններին, քանի որ ընդհանուր մթնոլորտն ու միջավայրը շատ լավն են: Պետք է նաեւ մնայուն աշխատատեղեր ստեղծվեն, որ մարդիկ մնան, աշխատեն այստեղ»,- ասաց Հանը:
Նշենք, որ Հայաստան այցելած Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը Հայաստանում կքննարկի ԵՄ-ի կողմից բարեփոխումներին աջակցությունը եւ տարածաշրջանում երկրի հետագա ներգրավման անհրաժեշտությունը։