Բանակցություններ են ընթանում «Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ և միջազգային փոխադրումների միջանցք հիմնելու մասին» համաձայնագրի ստորագրման համար: Համաձայնագրի նպատակն է ստեղծել Պարսից ծոց-Սև ծով նոր միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք, որը կխթանի Հայաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի և Իրանի միջև առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացումը, կդյուրացնի բեռնափոխադրումների գործընթացը, ինչպես նաև կզարգացնի ՀՀ տարածքով մուլտիմոդալ փոխադրումները: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Շատ կարևոր է, որպեսզի ՀՀ-ն դառնա առանցքային լոգիստիկ միջանցք Իրանի և Սև ծովի երկրների միջև, ինչի մասին հայտարարում էին նաև նախորդ իշխանությունները, սակայն այդ ուղղությամբ այդպես էլ գրեթե ոչ մի քայլ չարվեց:
Միլիոնավոր դոլարներ ծախսվեցին Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության համար` Իրանը հայաստանյան տարածքով Սև ծովի Փոթի և Բաթումի նավահանգիստների հետ կապելու նպատակով: Սակայն այժմ ՀՀ-ի տարածքում Հյուսիս-Հարավ ճանապարհի ընդամենը մի փոքր հատվածն է կառուցվել, այն էլ այժմ այդ ճանապարհի հետ առկա են բազմաթիվ խնդիրներ` որակի, հնարավոր կոռուպցիոն երևույթների և այլնի հետ կապված:
Ճանապարհի շինարարությունն, որն իրոք կարևոր է իրանական ապրանքների համար դեպի Սև ծով ելքն ապահովելու ու ՀՀ-ն տարանցիկ երկիր դարձնելու համար, ընթանում է շատ ցածր տեմպերով, միջազգային տարբեր վարկերի ու տրանշերի միջոցներով: Այս պահին ճանապարհը պատրաստ չէ և դեռ հայտնի չէ, թե Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը երբ կհասնի իր տրամաբանական ավարտին:
Ինչ վերաբերում է տարիներ շարունակ քննարկվող Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը, ապա այդ ծրագիրն անգամ թղթի վրա գոյություն չունի: Այդ երկաթգծի շինարարությունը պահանջում է մի քանի միլիարդ դոլարի ներդրում, հսկայական ինժեներական աշխատանքներ Սյունիքի լեռներում, ինչը ոչ եկամտաբեր է դարձնում այդ նախագիծն: Սա նաև նշանակում է, որ այդ երկաթգծի կյանքի կոչումը կպահանջի տարիներ:
Ավտոմոբիլային և երկաթգծային տարանցիկ միջանցք դառնալու համար ՀՀ-ն այս պահին չունի միջազգային չափանիշներին համապատասխան լոգիստիկա, դրա կառուցումը պահանջում է մեծ ներդրումներ, որոնք չկան, ինչպես նաև տարիների աշխատանք:
Բիզնեսն ու արտահանողները` իրանական, եվրոպական, հունական, բուլղարական ու վրացական, չեն պատրաստվում սպասել տարիներով:
Իրանը սկսել է իր ապրանքներն արտահանել Սև ծովի նավահանգիստներ` Բաթումի, Փոթի, այնուհետև բուլղարական և այլ նավահանգիստներ Ադրբեջանի տարածքով` օգտագործելով թե՛ Իրան-Ադրբեջան երկաթգիծը, թե՛ ավտոմոբիլային ճանապարհները: Ադրբեջանը դարձել է կարևոր տրանսպորտային լոգիստիկ միջանցք` Հարավ-Արևմուտք (Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծովի երկրներ) ուղղության վրա:
Իրանի համար, այդ թվում ադրբեջանական ջանքերի և տարբեր արտոնյալ պայմանների շնորհիվ, ավելի ձեռնտու է դառնում արտահանումն իրականացնել Ադրբեջանի երկաթգծով` Բաքու-Թբիլիսի-Փոթի-Բաթումի ու ճանապարհներով: Այժմ Բաքվի կողմից իրականացվում է դեպի Վրաստանի պետական սահման ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգում ու հզորությունների ընդլայնում` երկկողմ ճանապարհները դառնում են քառակողմ:
Եթե ՀՀ կառավարությունը հայտարարում է Սև ծով-Պարսից ծոց միջանցք ստեղծելու ու ՀՀ-ն տրանսպորտային, լոգիստիկ կարևոր ուղղության վերածելու մասին, անհրաժեշտ է արդեն այսօր սկսել հարյուր միլիոնավոր դոլարների ներդրում գոնե Հյուսիս-Հարավ ճանապարհն ավարտին հասցնելու ու միջազգային չափանիշների համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչպես նաև գլոբալ լոգիստիկ կենտրոնի վերածվելու համար: Ինչպես նաև Իրան-Հայաստան երկաթգծի կյանքի կոչման ծրագրի մեկնարկը սկսել: Հակառակ պարագայում ՀՀ-ն Ադրբեջանին ու Վրաստանին կարող է պարտվել լոգիստիկ մրցակցությունությում :