Սիրիայում իրանցի զինվորականների ներկայությունն անընդունելի է Իսրայելի համար․ Նեթանյահու
Սիրիայում իրանական զինված ուժերի ներկայությունն անընդունելի է Իսրայելի համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի վարչապետ եւ հրեական պետության պաշտպանության նախարար Բենյամին Նեթանյահուն՝ երկրի հարավում գտնվող Նեգեւ անապատում տեղակայված «Շիզաֆոն» բանակային հենակետ այցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իրանական բանակի ներկայությունը Սիրիայում անընդունելի է մեզ համար: Իսրայելի պաշտպանության բանակը միակ բանակն է, որը պայքարում է իրանական բանակի դեմ Սիրիայում», - ասել է վարչապետը, որի հայտարարությունները տարածել է կառավարության մամուլի ծառայությունը:
«Գլխավոր թշնամին, որին մենք հակադրվում ենք, Իրանն է, որը հայտարարում է միջուկային զենքով մեզ ոչնչացնելու իր մտադրության մասին, եւ մենք պարտավոր ենք դա կանխել: Բացի դրանից, Իրանն իր ուժերը կենտրոնացնում է մեր սահմանների մոտ, ցանկանում է մեզ շուրջկալել. իրենց կողմից ստեղծված «Հզբոլլահ» ֆորպոստը՝ Լիբանանում, հարավում՝ Գազայում՝ Համասը եւ «Իսլամական Ջիհադը»: Եւ այժմ նա [Թեհրանը] ցանկանում է ուղիղ մեր սահմանին՝ Գոլանի բարձունքների դիմաց, կառուցել երրորդ ֆորպոստը՝ Սիրիայում իրանական բանակի ռազմակայանը: Մենք բոլոր երեք ճակատներով կդիմակայենք Իրանին եւ նրա արբանյակներին», - շարունակել է Իսրայելի վարչապետը: