Իրանի ԱԳՆ-ը բողոք է հայտնել՝ ԱՄՆ-ում Press TV-ի հաղորդավարուհու ձերբակալության հետ կապված
Իրանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ում իրանական Press TV հեռուստաալիքի հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալությունից հետո կանչել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին՝ հայտնում է ԻՌՆԱ-ն։
ԻԻՀ ԱԳՆ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի վարչության պետը բողոք է հայտնել Հաշեմիի ձերբակալության կապակցությամբ։
Նա հայտարարել է, որ Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթներին, լրագրողուհու ձերբակալության եւ նրա հանդեպ անմարդկային ու խտրական վերաբերմունքի հետ կապված, գրավոր բողոք է փոխանցվել։ Իրանի ԱԳՆ-ը կոչ է արել անհապաղ եւ անվերապահորեն ազատել Հաշեմիին բանտից։
Դեսպանը հայտարարել է, որ անմիջապես կհայտնի ԱՄՆ իշխանություններին Իրանի դիրքորոշումը եւ արդյունքների մասին կտեղեկացնի։
ԱՄՆ-ում ծնված Մարզիե Հաշեմին (Մելանի Ֆրանկլին), ով ժամանել է ԱՄՆ, որպեսզի այցելի իր հիվանդ եղբորը, հունվարի 13-ին ձերբակալվել է Լամբերտի «Սենտ Լուիս» միջազգային օդանավակայանում եւ ՀԴԲ-ի գործակալների կողմից տեղափոխվել է Վաշինգթոնի բանտ։