Պոմպեոն Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Սիրիայի եւ Եմենի իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը եւ Եմենում հակամարտության քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը, հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից:
Պոմպեոն նաեւ կարեւորել է, որպեսզի Էր Ռիադը շարունակի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության քննությունը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկի:
«Պետքարտուղարն ու նախարարը քննարկել են կարեւոր տարածաշրջանային հարցեր, ներառյալ Իրանը, Սիրիան, Եմենը, Լիբանանը, Լիբիան եւ Աֆղանստանը: Պետքարտուղարն ու նախարարը համաձայնվել են, թե որքան կարեւոր է հետագայում եւս շարունակել աջակցությունը Եմենում խաղաղության հասնելու համար քաղաքական առաջընթացին»,- նշված է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Պալադինոյի տարածած հայտարարության մեջ:
Դրանից բացի կողմերը քննարկել են «իրանական ռեժիմի վնասակար գործունեությանը հակազդելու համար տարածաշրջանային ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը»: