25.11.2024
Փորձագետ. ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ունի ռազմավարական նշանակություն ԱՄՆ համար
prev Նախորդ նորություն

Կկրճատվեն Գազպրոմի մարժան եւ ՀՀ-ում ներդրումները. գազի գնի թանկացման հետեւանքները

«Գազպրոմ Արմենիա»-ի համար գազի գնի 10%-ի չափով թանկացումից հետո ռուսական կողմը կարող է կրճատել Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալը: Նման կանխատեսմամբ է հանդես եկել «Կոմերսանտ» պարբերականը՝ անդրադառնալով գազի գնի թանկացման հնարավոր հետեւանքներին:


Այս տարվա հունվարի մեկից Գազպրոմը Հայաստանին վաճառվող գազի գինը թանկացրեց 10%-ով՝ 1000 խմ-ի դիմաց սահմանելով 165 դոլար: Սակայն ՀՀ իշխանությունները հավաստիացնում են, որ գազի գինը թանկանալու է միայն «Գազպրոմ Արմենիա»-ի համար, եւ այն չի ազդելու հայաստանյան սպառողների վրա: Սա տեղի է ունենալու որոշակի ներքին կարգավորումների շնորհիվ: Մյուս կողմից գազի գնի թեման վերջնական փակված չէ եւ կառավարությունը նոր բանակցություններ է սկսում ռուսական կողմի հետ:


Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանին գազի միակ մատակարարը «Գազպրոմ»-ն է, որի հետ «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերությունը 2013թ-ին պայմանագիր է կնքել 2014-2018թթ. տարեկան մինչև 2,5 մլրդ խմ ծավալով վառելիքի մատակարարման շուրջ: ՀՀ երրորդ նախագահի օրոք կնքված պայմանագիրը լրացնող համաձայնագիրը «Գազպրոմ»-ն արդեն ստիպված է եղել կնքել ՀՀ նոր իշխանությունների հետ:


Նշվում է նաեւ, որ 2018թ. գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո ՀՀ վարչապետ է դարձել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որից հետո պաշտոնական «Երևանի հարաբերությունները ռուսական պետական կառույցների հետ բարդացել են»: «Նախորդ տարվա հուլիսին Պետեկամուտների կոմիտեն հարկային խախտումներ է բացահատել մի շարք գազային ընկերություններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ում ու դրա դուստր ընկերություն «Ավտոգազ»-ում»,- նշում է «Կոմերսանտ»-ը՝ հավելելով, որ այժմ կողմերի միջև համաձայնություն կա առ այն, որ գազի գինը կաճի, սակայն ՀՀ ներքին շուկայի համար սակագները չեն փոխվի», - ասված է պարբերականի հոդվածում:


«Գազպրոմ»-ից Երևանի հետ բանակցությունները չեն մեկնաբանել, մինչդեռ ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազույցում հայտարարել է, որ կառավարության և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև սպառողների համար գազի գնի շուրջ քննարկումը կարող է ամիսներ տևել:


Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում մանրամասնել է, որ պետության սուբսիդավորում չի լինի. գազի սակագները պահպանվելու են «ներքին կարգավորումների շնորհիվ»:


Այս առնչությամբ «Կոմերսանտ»-ը ներկայացրել է նաև ռուս փորձագետների կարծիքը: Մասնավորապես՝ «Ռայֆֆայզենբանկ»-ից Անդրեյ Պոլիշչուկը գտնում է, որ «Գազպրոմ»-ի ու ՀՀ իշխանությունների նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա»-ի մարժայի կրճատմանը, սակայն դա կրիտիկական բնույթ չի կրի:


«Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Գրիվաչը ենթադրում է, որ մասամբ չեղարկվել է զեղչը, որը «Գազպրոմ»-ը տրամադրում էր «Գազպրոմ Արմենիա»-ին՝ ՀՀ-ում ենթակառուցվածքային զարգացմանն ուղղված ներդրումների իրականացման համար:


«Ստեղծված իրավիճակում, երբ նոր իշխանությունները կտրուկ քայլեր են ձեռնարկել «Գազպրոմ»-ի դուստր ընկերության դեմ, տարօրինակ կլիներ ակնկալել Հայաստանում ռեսուրսի պահպանում»,- նշել է փորձագետը՝ հավելելով, որ դա կարող է հետագա քննարկումների առարկա դառնալ: