Վլադիմիր Պուտինը, նախ, կհանդիպի Լուկաշենկոյին, ապա Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կառավարությունից տեղեկացնում են, որ կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
Նշենք, որ Փաշինյանի Մոսկվա ծրագրվելիք այցի մասին անցած շաբաթ հայտարարել էր ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ի դեպ, մինչ Փաշինյանի այցը Վլադիմիր Պուտինը արդեն վաղը՝ դեկտեմբերի 25-ին, կընդունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ պետությունների երկու ղեկավարների հետ քննարկվելիք հարցերի օրակարգը նմանություններ ունի՝ ռուսական գազի գին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակում: Հայտնի է, որ Լուկաշենկոն արդեն ստորագրել է Ստանիսլավ Զասին այդ պաշտոնում նշանակելու որոշումը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն օրեր առաջ հայտնեց, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ քնարկելու են Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը:
Այս տարվա վերջ ավարտվում է ՌԴ-ի հետ գազային պայմանագրի ժամկետը, համաձայն որի ռուսական գազը ՀՀ սահմանին արժե 150 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Սակայն վերջնական սպառողին գազը հասնում է միջինիացված 255 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:
Հայկական կողմը հայտարարել է, որ բանակցություններում ձգտում է հասնել գազի գնի իջեցման: Խոսակցություններ կան նաեւ, որ ռուսական կողմը ձգտում է բարձրացնել գազի գինը: Այս լուրերը պաշտոնապես չեն հաստատվել: