Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօրորոշել է փոխել ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը եւ թույլատրելի համարել գրավի կիրառումը։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն:
Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը որոշել է կիրառել գրավ՝ 25 մլն դրամի չափով:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ գրավ կիրառելու որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) դատավոր Դավիթ Բալայանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացման եղանակով հափշտակելու համար:
Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին, ապա՝ հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել
Նկատենք, որ Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը: Փաստաբանը սակայն հայտարարել էր, որ Գրիգորյանի կողմից դա աջակցություն է պետությանը և ոչ թե մեղքերի թողություն:
Գրիգորյանի պաշտպանական խումբը նաև պնդում էր, որ նա ունի առողջական լուրջ խնդիրներ:
Նշենք, որ VERELQ-ի ունեցած տեղեկություններով, խափանման միջոցի փոփոխության հիմք է հանդիսացել Գրիգորյանի շատ վատ առողջական վիճակը: