25.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Դեֆոլտի մասին խոսակցություններն անհիմն են, բայց հստակ նպատակ հետապնդող. Բոստանջյան

Օրերս մամուլը գրել էր, թե առաջիկայում Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների, և «դեֆոլտը, որի մասին արդեն տևական ժամանակ կանխատեսում են տարբեր փորձագետներ, այլևս հնարավոր չի լինի հետաձգել»: Այս հայտարարությանը արձագանքել է ԿԲ խոսնակը և հերքել նման մռյլ հեռանկարը:

VERELQ-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ներկայացրեց, թե ինչո՞ւ տոնական օրերին ընդառաջ պետք չէ հավատալ նման զարգացումներին և ներկայացրեց իր գնահատականը երկրի տնտեսության ներկայիս իրավիճակի մասով:

-Պարոն Բոստանջյան, օրերս մամուլը գրել էր, թե իշխանության մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների և դեֆոլտը այլևս հնարավոր չի լինի հետաձգել: Հնարավոր համարո՞ւմ եք նման զարգացումները:

-Ոչ: Համոզված եմ, որ այդպիսի լուրեր տարածողները հետապնդում են հասարակության մեջ խուճապ ստեղծելու նպատակ: Մասնագետներն անմիջապես ուշադրություն կսևեռեն «իշխանության մոտ կանգնած աղբյուրներ», «լուրջ ֆինանսական խնդիրներ», «դեֆոլտ» և «այլևս հնարավոր չի լինի հետաձգել» բառակապակցությունների վրա: Զավեշտը կայանում է նրանում, որ առկա իրավիճակում, երբ տեսանելի հեռանկարում չկան և չեն նկատվում նման միտումներ, դրանց շահարկումը և տարածումը կարող են հանգեցնել նշված բառակապակցությունների հետևանք հանդիսացող իրավիճակների: Այլ խոսքով, միայն տնտեսությունից և տնտեսագիտությունից հեռու մարդիկ կարող են նման մտքեր արտաբերել: Անշուշտ, դա չափազանց վտանգավոր է, քանի որ հանրության մոտ կարող են ձևավորել անհարկի սպասումներ և խուճապային տրամադրություններ, որն իսկապես կարող է խաթարել ներկայիս կայուն իրավիճակը։

- Պարոն Բոստանջյան, Ձեր համոզվածության համար կա՞ն այլ հիմքեր:

-Իհարկե: Նախ, առավել քան վստահ եմ, որ Կենտրոնական բանկը լիարժեք տիրապետում է իրավիճակին և ունի բոլոր անհրաժեշտ միջոցները և գործիքները ապահովելու թե’ ֆինանսական և թե’ գնային կայունությունը։ Պետք է նաև նշել, որ երկրի դեֆոլտի մասին խոսակցությունները անհիմն են և իրականության հետ ոչ մի աղերս չունեն, քանի որ տնտեսությունից, ֆինանսական շուկաներից չկան որևէ անհանգստացնող երևույթներ։

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում տնտեսության ներկա վիճակը:

- Համենայնդեպս, այն մտահոգիչ չէ, քանի որ ակնկալվում է տարեկան 5% աճ, բյուջեի եկամտային մասը հաջողությամբ կատարվում է, պակասուրդը սպասվում է ավելի փոքր, քան պլանավորված էր, ֆինանսական շուկաները կայուն են, իսկ տարեկան գնաճի մակարդակը գտնվում է անգամ թիրախի ստորին մակարդակից ավելի ցածր՝ 1,8%-ի սահմաններում։ Անգամ հեղափոխության օրերին մենք չունեցանք ֆինանսական շուկաների անկայունություն, ինչը սովորաբար տեղի է ունենում նման դեպքերում։

-Կենտրոնական բանկը ևս արձագանքեց այդ հրապարակմանը, այն, մեղմ ասած, անհիմն որակելով: Ինչպիսին է ԿԲ դերակատարումն այդ գործընթացում:

-Կարծում եմ, ֆինանսական շուկայի և գների կայունության ապահովման խնդրի լուծումը բավականաչափ հաջողությամբ իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից: Բացի այդ, հանրապետությունում արժութային շուկայում ներկայումս ձևավորված հարաբերական կայունությունը, ինչպես նաև փոխարժեքի կտրուկ տատանումների բացակայությունը ևս ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռնարկված քայլերի արդյունք են: Այս առումով, գտնում եմ, որ Կենտրոնական բանկը լիարժեք կերպով իրականացնում է իր առջև դրված խնդիրները:


Լիա Խոջոյան