26.11.2024
Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց
prev Նախորդ նորություն

«Սասնա ծռեր» կուսակցությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների

«Սասնա ծռեր» կուսակցությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:


«Ժամկետի առումով մեկուկես, թե երկու տարի կլինի, էդ կյանքը ցույց կտա, որովհետև կարող են առաջանալ դրական կամ բացասական այս երևույթին նպաստող, կամ աննպաստ գործոններ, որոնք մի քիչ կարող են կարճացնել կամ երկարացնել դրա կյանքը, բայց որ էս խորհրդարանն ի վիճակի չի լինելու իր ամբողջ կյանքի ցիկլը սպառել, սա մեզ համար ակնհայտ է։ Ոչ թե մեր կուսակցությունը պատրաստվում է միայն այդ ընտրություններին և մենք դրա համար ենք ապրում, ո՛չ, այդպես չէ, դա հասկանալի է, որ պետք է դրան պատրաստ լինենք և մյուսներին էլ ենք հորդորում, որ նկատի ունենան դա, և որ քաղաքական համակարգն անակնկալի չգա»,- ասել է Ավետիսյանը։


Նա վստահություն է հայտնել, որ նոր խորհրդարանն ի վիճակի չի լինելու իր ամբողջ կյանքի ցիկլը սպառել և կյանքը կստիպի, որպեսզի արտահերթ ընտրություններ լինեն:


«Չի համապատասխանելու մարտահրավերներին, չի համապատասխանելու պրոբլեմներին, չի կարողանալու լուծել այդ պրոբլեմները, խրվելու է, ճահիճ է լինելու։ Ուրիշ ճահիճ է ձևավորվելու, որովհետև իմունիտետ չունի այդ համակարգը, առանց իմունիտետի շուտ կհիվանդանա։ Արդեն հիվանդ է»,- նշել է նա: 


Ավետիսյանը նաև կարծիք է հայտնել, որ արտահերթի պահանջը առաջ կքաշվի բոլորի կողմից՝ «այնպիսի որակական վիճակ կառաջանա քաղաքական դաշտում, որ որոշում կայացնելու համար անհրաժեշտ արդեն վիճակ կձևավորվի, որ այսպես չենք կարող շարունակել, եկեք նոր...»:


Ավետիսյանը նաև համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը հեռատես, ողջամիտ գործիչ է, և երբ իրավիճակը հասունանա, ինքը կգնա այդ լուծմանը, ինչը միայն կնպաստի իր վարկանիշը պահպանելուն, և հետագայում ևս կարող է դառնալ մի հենարան՝ իր քաղաքական բարձր կարգավիճակը պահելու համար։


«Ազատության» հարցին՝ իսկ եթե չգնա՞ց մեկուկես տարի հետո արտահերթ ընտրությունների, ապա ինչ, բանախոսն արձագանքել է.


«Անկախ դրանից՝ դա կլինի պարոն Փաշինյանը, թե ես, թե որևէ մեկը, եթե որոշում կայացնելու իրավունք ունեցող մարդն անհրաժեշտ պահին ճիշտ որոշում չի կայացնում, ապա համակարգն անցնում է բիֆուրկացիոն կետը, և տեղի են ունենում անդառնալի փոփոխություններ։ Սա կառավարման օրենք է, և ոչ ոք չի կարող դա ժխտել»։