3.10.2024
Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
prev Նախորդ նորություն

Հետ դեպի ապագա. գինեգործությունը Հայաստանում 1999թ.-ի կրկնման վտանգի առջև

Հայաստանում խաղողի մթերումը դարձել է խնդրահարույց: Արտադրված բերքի ծավալների մեծության և վերամշակող կազմակերպությունների արտադրանքի սպառման չափաքանակի կրճատման պատճառով, ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ խաղողագործների և մթերող կազմակերպությունների համար:

Թեև խաղողագործենրը բողոքում են, որ արտադրված բերքի 30-40 տոկոսը չեն ընդունում գինեգործական և կոնյակագործական ձեռնարկությունները, կամ ընդունում են շատ ցածր գներով, այնուամենայնիվ կառավարությունն ի դեմս Գյուղատնտեսության նախարարության, վստահեցնում է, որ արտադրված խաղողն ամբողջ ծավալով մթերվելու է:

«Հասարակ գյուղացի խաղողագործը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: Ձեռնարկությունները մթերում են հիմնականում այն ծավալի խաղող, որն ի սկզբանե ամրագրված էր պայմանագրերում: Նրանք, սակայն հրաժարվում են վերցնել արտադրված խաղողի ավելցուկը, որը կազմում է ընդհանուր ծավալի 25-30 տոկոսը», - հայտարարեց Հայաստանի «Խաղողագործների միություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Սարգսյանը:

Նրա խոսքով, գյուղացին հայտնվել է ծանր վիճակում, քանի որ ամբողջ տարի ջանք ու գումար է ներդրել խաղողի արտադրության վրա, ու հիմա չի կարողանում բերքի զգալի մասը իրացնել: «Մարդիկ վարկեր ունեն մարելու, կոմունալ ծախսեր և երեխաների ուսման վարձ վճարելու: Ինչպե՞ս են այդ ամենի տակից դուրս գալու, եթե նրանց բերքը չեն ուզում մթերել, կամ մթերում են, բայց հայտնի չէ, թե երբ են փողը վճարելու», - նշեց նա:

Խաղողի մթերման ընթացքում առաջացած խնդիրները ստիպել են գուղացիներին անգամ գնալ ծայրահեղ քայլերի: Ըստ մամուլում հրապարկված տեղեկատվության՝ մdի քանի անգամ Արարատյան դաշտավայրի խաղողագործները, ի նշան բողոքի, փակել են միջքաղաքային նշանակության մայրուղիները:

«Մեդիա կենտրոնում» հոկտեմբերի 9-ին Արտակ Սարգսյանի, ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Խաղողի մթերումը դարձել է խնդրահարույց. պատճառներ և հնարավոր լուծումներ» թեմայով:

Գառնիկ Պետրոսյանն ընդունեց, որ բերքի ծավալների ավելացման և արտաքին շուկաներում սպառման կրճատման պատճառներով խաղողագործների և մթերող կազմակերպույթունների համար ստեղծվել է «Ֆորսմաժորային» իրավիճակ:

«Իսկապես, առկա է որոշակի լարվածություն: Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, քանի որ մի կողմից ունենք մոտ 30% խաղողի բերքի ավել ծավալ, մույս կողմից՝ բավականին կրճատվել են գինու և կոնյակի արտահանման ծավալները: Գինու դեպքում 40%, կոնյանի պարագայում՝ 50%», - նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ բարդ կացության մեջ են հայտնվել նաև մթերող ձեռնարկությունները:

Այնումենայնիվ նա հավաստիացրեց, որ գյուղատնտեսության նախարարությունը մթերող կազմակերպությունների հետ աշխատանքի արդյունքում հասել է համաձայնության, որ ամբողջ բերքը մթերվելու է: «Ամբողջ բերքը մթերվելու է: Արդեն մթերվել է 185 հազար տոննա խաղող, ինչն արդեն մոտ հազար տոննայով ավել է անցած տարվա մթերված ընդհանուր բերքի ծավալից», - ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ մինչև հոկտեմբերի 25-ը մթերումը կշարունակվի և ձեռնարկություները կկարողանան ընդունել 15-20 հազար տոննա խաղող: Մթերող ձեռնարկություններին, փոխնախարարի խոսքերով, պետությունը կտրամադրվի որոշակի աջակցություն:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունը գործընթացի մեջ տեսնում է ռիսկեր:

«Այժմ պետությունը ստիպում, հորդորում կամ խնդրում է ձեռնարկություններին մթերել խաղողը, ինչը հղի է ռիսկերով: Գինու և կոնյակի արտահանման ծավալները կրճատվել են, քանի որ իրավիճակն անկայուն է ռուսական շուկայում՝ առաջին հերթին պայմանավորված ռուբլու արժեզրկմամբ: Ռուսաստանը Հայաստանից արտահանվող գյուղմթերքի սպառման հիմնական շուկան է: Այժմ մենք կանգնած ենք 1999թ.-ի սցենարի կրկնման վտանգի առջև, երբ պետությունը ստիպեց ձեռնարկություններին մթերել խաղողը, և Ռուսաստանը հայտնվեց դեֆոլտում: Հետևանքներն ուղղակի անասելի բացասական ազդեցություն թողեցին ոլորտի վրա», - նշեց Հարությունյանը:

Պարզապես 1999-ին, շարունակեց Հարությունյանը, տարբերությունն այն էր, որ Արևմուտքը ցանկանում էր ՌԴ-ի տնտեսության վերականգնում, այժմ հակառակը՝ այն պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ:

Միքայել Մելքումյանն էլ քննադատեց կառավարությանը՝ գինեգործության ոլորտում հստակ և հասկանալի քաղաքականություն չիրականացնելու համար: «Տարիներ առաջ կառավարությունը գինեգործությունն ի թիվս այլ ոլորտների հռչակեց որպես տնտեսության գերակա ճյուղ: Անհասկանալի է՝ ինչ է արվել մինչև հիմա, որպեսզի այդ ճյուղը զարգանա: Հակառակը, հիմա բարդ իրավիճակում են հայտնվել և՛ գինեգործները, և՛ խաղողագործները», - նշեց նա, ում համոզմամբ կառավարությունը ձախողել է այս ոլորտում:

Ըստ բանախոսների ստեղծված իրավիճակից ելքը երկարաժամկետ և խորքային լուծումներ որոնելն է:

Անհրաժեշտ է առաջին հերթին դիվերսֆիկացնել գինու և կոնյանի սպառման արտաքին շուկաները, քանի որ այժմ հիմնական շուկան Ռուսաստանն է: Բացի այդ պետք է բարձրացնել գինու որակը և փորձել այն արտահանել եվրոպական շուկաներ: Սա դժվար, բայց նաև ահրաժեշտ գործընթաց է. համաձայնեցին բանախոսները:
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում