Պակիստանում ՉԺՀ-ի հյուպատոսարանի վրա գրոհի պատասխանատվությունն ստանձնել են անջատականները
Պակիստանի Կարաչի քաղաքում նոյեմբերի 23-ին Չինաստանի հյուպատոսարանի վրա կատարված հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Բելուջստանի ազատագրման բանակ» անջատողական խմբավորումը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անջատականների ներկայացուցչին:
«Բելուջստանի ազատագրման բանակը» գործում է 2000 թվականից եւ իր նպատակն է հռչակել Բելուջստանի անկախ պետության հիմնումը Հնդկական օվկիանոսի ափին համանուն մարզի սահմաններում, որը ներկայում բաժանված է երեք պետությունների՝ Աֆղանստանի, Իրանի եւ Պակիստանի միջեւ:
Զինված անձինք, որոնք հարձակվել են ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսարանի վրա, դիվանագիտական ներկայացուցչությանը մոտեցել են ականապատված ավտոմեքենայով: Այդ մասին, ինչպես հայտնել Է Geo TV հեռուստաալիքը, հայտարարել Է Կարաչիի ոստիկանապետ Ամիր Շայխը:
«Այդ մարդիկ գլխավոր հյուպատոսարանի մոտ են եկել պայթանյութով հանդերձված մեքենայով»,-ասել է նա: Հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է երկու այրված ավտոմեքենաների լուսանկարներ, որոնք կայանված էին գլխավոր հյուպատոսարանի արգելապատնեշի մոտ:
Չինաստանի գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակումը կատարվել է նոյեմբերի 23-ի առավոտյան: Առկա տվյալներով՝ երեք կամ չորս մարդ փորձել են ներխուժել Չինաստանի հյուպատոսարան եւ կրակ են բացել այն բանից հետո, երբ պահապանները փորձել են նրանց կանգնեցնել:
Հարձակման հետեւանքով երկու ոստիկան է զոհվել, եւս մեկը վերքեր է ստացել: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել օրհասական վիճակում: Կարաչիի ոստիկանությունը ոչնչացրել է ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսության վրա հարձակում կատարած անձանցից երեքին: Նրանց մարմիններին մահապարտի գոտիներ են հայտնաբերվել: