Օպերատիվ կապ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ չի նշանակում Ալիեւի հետ "չատ անել". Նիկոլ Փաշինյան
ԼՂ հակամարտութան շփման գծում հարաբերական կայությունը ոչ թե գործող օպերատիվ կապի, այլ Դուշամբեում ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է: Այս մասին դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ոմանք ժամանակին սխալ հասկացան, երբ հայտարարվեց Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ օպերատիվ կապի հաստատման մասին: “Մարդիկ նաեւ սկսեցին մտածել, որ ես Ալիեւի հետ նստած չատ եմ անում: Դա այդպես չէ”, - կատակեց Փաշինյանը՝ հավելելով, որ օպերատիվ կապը գործում է եւ այդ կապի միջոցով տեղեկատվություն է փոխանցվում՝ ըստ անհրաժեշտության:
Նա նաեւ նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացքում պետք է փոխվի տեղեկացված լինելու փիլիսոփայությունը: “Մինչ այդ կար պրակտիկա, որ բանակցությունների մասին մանրամասներ գիտեին մարդկանց շատ սահմանափակ քանակություն: Ես այդ տրամաբանությանը դեմ եմ: Որքան շատ մարդ իմանա, այնքան լավ”, - ասաց նա: