Հայաստանը բանակցում է ՌԴ հետ գազի նոր գնի շուրջ
Հայաստանը բանակցում է ՌԴ հետ գազի մատակարարման գնի ձևավորման շուրջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով, Հայաստանը բանակցում է, որպեսզի նոր գինը լինի ավելի ցածր: Նա հորդորեց սպասել դրանց արդյունքներին.
«Բանակցում ենք թե՛ «Գազպրոմի», թե՛ ՌԴ էներգետիկայի նախարարության հետ»,- նշեց նա:
Ավելի ուշ ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցով քննիչ հանձնաժողովում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ -գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն էլ նշեց, որ այս տարվա ընթացքում ավարտվում են գործող բոլոր պայմանագրերի ժամկետները և ներկայում ընթանում են բանակցություններ գնման գնի ձևավորման շուրջ.
«Սահմանին գազի գնման գինը 150 դոլար է, որը միջկառավարական համաձայնագրերով է սահմանվում: Գազի վաճառքի միջին սակագինը Հայաստանում 255 դոլար է: Բնակչությանը մատակարարվող գազն անցնում է երկար ճանապարհ, և դրա հետ կապված ծախսերն ավելի շատ են: Վաճառվող գազի գնի հիմքում դրված են բարդ տնտեսական հաշվարկնեը: Եթե սպառողներին հասնելու համար գազը թանկ է լինում, ապա նրանք պետք է թանկ վճարեն: Դա այդպես է ողջ աշխարհում»,- ասաց պաշտոնյան:
Իսկ ահա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գործող սակագինը արդարացված է համարում: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀԾԿՀ աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը:
«Արդարացված եմ համարում սակագինը: Բոլոր հաշվարկները, մեթոդները հանձնաժողովը համարում է հիմնավորված: Դրանք կատարվել են գործող մեթոդիկային և միջպետական համաձայնագրին համապատասխան»,- ասաց Սողոմոնյանը: