«Վեոլիա ջուր» ընկերությունը տուգանվել է 20 միլիոն դրամով
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը առաջարկներ է ներկայացնելու կառավարությանը, որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերությունը նույնպես ենթարկվի գնումների օրենսդրության պահանջներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 7-ին կայացած նիստում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով` «Վեոլիա ջուր»-ը, ինչպես «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Գազպրոմ Արմենիան», ևս հանրային ծառայությունների ոլորտ է հանդիսանում և համանման ընկերությունների նման իր գնումները կազմակերպելիս պետք է առաջնորդվի մրցակցային սկզբունքով:
«Ներկայում օրենսդրությունը սահմանափակ է, և մենք նախատեսում ենք օրենսդրական փոփոխություններ իրականացնել և համապատասխան առաջարկներ ներկայացնել կառավարությանը»,-ասաց նա: Շաբոյանը նշեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը, համաձայն մեր երկրի առջև ստանձնած պարտավորությունների, պետք է որոշակի ներդրումներ իրականացնի: Առաջիկա 15 տարում ընկերությունը պետք է 37,5 միլիարդ դամի չափով ներդրումներ իրականացնի, որոնք կատարվում են ջրաչափերի ձեռք բերման, ջրագծերի կառուցման, պոմպակայանների շինարարության ձևով, և եթե այս աշխատանքներն ավելի բարձր գներով են արվում, ստացվում է, որ ընկերության ներդրումային պարտավորությունները մեր երկրի առջև նվազում են:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետության լիազոր մարմինը՝ Ջրային պետական կոմիտեն, բավարար վերահսկողություն չի կարողանում իրականացնել այս ոլորտում, քանի որ նրա լիազորությունները սահմանափակ են: Մեր ուսումնասիրության արդյունքներով մենք կառավարությանն առաջարկելու ենք փոփոխություններ իրականացնել համապատասխան իրավական ակտերում, որպեսզի պետական լիազոր մարմինը` Ջրային պետական կոմիտեն, բավարար լծակներ ձեռք բերի, բավարար լիազորություններ ունենա այս ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար»,-հավելեց նա:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն նոյեմբերի 7-ին կայացած նիստում «Վեոլիա ջուր» ընկերությունը տուգանել է 20 միլիոն դրամով` գերիշխող դիրքի չարաշահման համար: