Խաչատուրովին հետ կանչել հնարավոր չէ, նա ՀՀ ներկայացուցիչ չէ. ԱԳՆ-ն ուղղո՞ւմ է նախագահին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին hետ կանչել հնարավոր չէ, քանի որ նա չի հանդիսանում տվյալ երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Այս կերպ կարելի է ասել նա փաստացի պատասխանել է նախօրեին Մինսկում նախագահ Արմեն Սարգսյանի՝ Խաչատուրովին հետ կանչելու վերաբերյալ արված հայտարարությանը: «Յուրի Խաչատուրովը հետ կկանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից», - ասել էր Մինսկում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ամենայն հավանականությամբ Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին», - նշել է նա: ՀՀ նախագահը պարզաբանել է, որ քանի որ Մերտի 1-ի գործող որպես մեղադրյալ ներգրաված Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է, ապաև հենց երկիրն է որոշում՝ թողնել նրան այդ պաշտոնին, թե հետ կանչել: «Ներկայումս ընթանում է համապատասխան իրավաբանական գործընթաց», - հավելել է նա:
Իրականում, ինչպես հստակեցնում են ԱԳՆ-ից, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը որեւէ կերպ կարգավորված չէ, եւ հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են Հայաստանի կողմից, գրում է Արմենպրեսը:
Նաղդալյանի խոսքով, ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում նշված է, որ Գլխավոր քարտուղար նշանակվում է ՀԱԽ կողմից՝ ԱԳՆ ներկայացմամբ, երեք տարի ժամկետով, այբբենական կարգով: Ըստ այդմ, ինչպես նշում է Նաղդալյանը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրը, սակայն ՀԱՊԿ շրջանակում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անդամ պետություններից յուրաքանչյուրը: Հետ կանչել գլխավոր քարտուղարին հնարավոր չէ, քանի որ նա չի հանդիսանում տվյալ երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Դավիթ Վիրաբյանն է», - ընդգծել է նա: