Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Բայց, նրա խոսքով, դա չի նշանակում, թե Հայաստանը այս դիրքորոշմամբ նսեմացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը.
«Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար ու մեր ընկալմանբ հայ-թուրքական հարաբերություններում խնդիր չէ: Դա մեզ համար անվտանգության խնդիր է և ոչ միայն մեզ համար՝ միջազգային անվտանգության խնդիր է, ու դա մեր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գործընթացին», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց՝ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը.
«Սահմանը փակ է Թուրքիայի կողմից ու Թուրքիայի կողմից փակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով: Դա վատ քաղաքականություն է, քանի որ եթե որևէ մեկը հույս ունի Հայաստանի Հանրապետությանը, Ղարաբաղի ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով մղել ղարաբաղյան հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, ինքն ուղղակի սխալվում է և բոլորը սա պետք է արձանագրեն», - ընդգծեց վարչապետի թեկնածուն: Փաշինյանը կրկնեց՝ Հայաստանը պատրաստ է կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, բայց բացառված է գնալ դրան հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակումների գործադրմամբ.
«Հակառակը՝ մենք այդ պայմանների գործադրմամբ ավելի կամրանանք, կհամախմբվենք և ի վերջո կհասնենք մեր ազգային նպատակներին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։