Հայաստանում վերջին երկու ամիսներին նկատվող տնտեսական ակտիվության կտրուկ եւ զոյին ձգտող դանդաղումը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում նկատվող բացասական միտումներով: Տվյալ ժամանակահատվածում էապես կրճատվել է նաեւ արտահանումը: Այս միտումները տնտեսագետների համար մտահոգիչ են, սակայն կառավարության ներկայացուցիչների խոսքով անխուսափելի՝ ՀՀ տնտեսության կառուցվածքի փոփոխության ճանապարհին:
Երկու ամիս անընդմեջ անկում
Թեպետ 2018 թ-ի առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ցուցանիշները, հիմնականում, աճել են, սակայն վերջին երկու ամսում տնտեսական ակտիվության աճի տեմպերը կտրուկ դանդաղել են: Համաձայն ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների՝ դեռ նախորդ ամիս արձանագրված 0.6 տոկոս տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը շարունակել է նվազել՝ հասնելով սեպտեմբերին 0.2 տոկոսի:
Անկում է արձանագրվել նաև արտահանման ոլորտում, որը, հիմնականում, պայմանավորված է եղել գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում գրանցված կրճատումներով: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ արտահանման ծավալները նվազել են 14.8 տոկոսով՝ կազմելով 186 մլն դոլար: 2.7 տոկոսանոց աճ է արձանագրվել ներմուծման ոլորտում՝ դրամային արտահայտությամբ կազմելով 397.5 մլն դոլար:
Միևույն ժամանակ կառավարությունը ձեռնարկում է քայլեր տնտեսության կառուցվածքի փոփոխության ուղղությամբ, քանի որ այժմ «խաղային ավտոմատները դարձել են ՀՀ տնտեսության առաջատար ճյուղերից»:
Որոշակիություն չկա
Տնտեսության մեջ անկման միտումները մտահոգիչ, սակայն նաեւ անխուսափելի են, նշում է ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ բացասական միտումների հիմնական պատճառներից են քաղաքական և արտաքին գործոնները: Նրա խոսքով, հեղափոխության բացասական ազդեցություններն արդեն չեզոքացել են:
Ռուսաստանից, որը, ինչպես նշում է բանախոսը, հանդիսանում է ՀՀ-ի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերը եւ տրանսֆերտրների աղբյուրը, գալիս են բացասական ազդակներ։ Անցյալ տարվա համեմատ աճել են նավթի գները, իսկ ՀՀ-ն նավթ ներկրում է, սակայն նվազել են ոսկու եւ պղնձի գները, որոք Հայաստանն արտահանում է, համեմատում է Ասատրյանը:
ՀՀ տնտեսության հիմնական խնդիրներից է նաեւ այն, որ Հայաստանում, Ասատրյանի խոսքով, հետհեղափոխական շրջանում ոչինչ էլ չի փոխվել։ «Իմ կարծիքով, Հայաստանում ոչ մի բան տեղի չի ունեցել։ Մի բան է, որ ասենք ՃՈ-ն փող չի վերցնում, դա բոլորս ենք տեսնում, մի այլ բան է խոսել կոռուպցիայի երևույթի արմատախիլ անելուց։ Բոլորս էլ հասկանում ենք, որ նման բան չկա։ Գլոբալ խնդիրները դեռևս մնացել են», - ասաց Բագրատ Ասատրյանը։
Նրա որկմամբ պահպանվող քաղաքական անորոշությունը բացասական է ազդում ներդրումային միջավայրի եւ տնտեսության վրա ընդհանրապես: «Սովորաբար, թե՛ Հայաստանում, թե՛ առհասարակ, այս ժամանակահատվածն աչքի էր ընկնում նրանով, որ ակտիվորեն քննարկվում էին պետբյուջեն, տնտեսական ծրագրերը։ Այսօր, կարծես, դրա մասին ոչ մի տեղ չի խոսվում։ Ցավոք, տնտեսական խնդիրները մղվել են 2-3-րդ պլան»։
Դրական զարգացումների, Բագրատ Ասատրյանի խոսքով, կարելի է սպասել միայն ներքաղաքական որոշակիության ձևավորման պարագայում։
Խնդիրն անկազմակերպ վիճակն է
Հայաստանում տնտեսության ակտիվության թվերն այդքան էլ լավը չեն, բայց այդ թվերի վրա շատ կենտրոնանալ պետք չէ, հոդորում է տնտեսագետ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ հանրության սպասումներն ու կառավարության քայլերը դեռեւս չեն համընկնում:
Թեպետ խոսում են ստվեիայի տնտեսության դեմ պայքարի մասին, սակայն ըստ Թունյանի այն պետք է տնտեսական ցուցանիշների վրա արտացոլված լիներ: «Եթե տեսնում ենք 0.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, ապա եթե ստվերի դեմ պայքարը եղել է, այդ թիվն իրականում ավելի բարձր պետք է լիներ, իսկ եթե այսքան է, նշանակում է, որ իրականում տնտեսական ակտիվության աճն ավելի ցածր է», - նշեց Բաբկեն Թունյանը։
Տնտեսագետը նկատեց նաև, թե չպետք է ցուցանիշներից ոչ ողբերգություն սարքել, ոչ էլ ոգևորվել. «Դրական ցուցանիշներով չպետք է ոգևորվել ու հպարտանալ, որովհետև այս ցուցանիշները դեռևս նախորդ կառավարության իներցիան են, ոչ էլ պետք է մեղադրել ներկա կառավարությանը, որովհետև որոշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, այդպես էլ պետք է լիներ»։
Բաբկեն Թունյանի խոսքով՝ գլխավոր խնդիրն անկազմակերպ վիճակն է հենց կառավարության ներսում։
Փոխել տնտեսության կառուցվածքը
Տնտեսական աճը դանդաղել է, բայց սա մեր տնտեսության կառուցվածքից է, նշում է վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանն ու հավելում, որ օգոստոս, սեպտեմբեր ամիսներին մշտապես որոշակի թույլ ազդակներ են եղել: Նրա ընդունում է, որ պայմանավորված նաեւ քաղաքական իրավիճակով տեսության մեջ կան որոշակի սպասողական վիճակներ, բացասական միտումներ, բայց սա սպասելի էր:
Ըստ նրա՝ տնտեսական ակտիվության իրավիճակի գնահատման հիմքում, ինչպես նախորդ կառավարությունների օրոք, այնպես էլ հիմա, պետք է դրվի մեթոդաբանություն. «Եթե չկա մեթոդաբանություն, մենք կարող ենք 7 տոկոս տնտեսական աճ ունենալ, որակական կողմը չլինի, և կարող ենք ունենալ 2 տոկոս աճ, որը զարգացման տեսլական ունի ու հասարակության համար ավելի ցանկալի կլինի, քան 7 տոկոսանոց աճը»:
Արտակ Մանուկյանի խոսքով՝ զարգացման վատ հեռանկարներ կան հանքաարդյունաբերության բնագավառում: Կառավարությունը պատրաստվում է տնտեսության կառուցվածքը փոխել, քանի որ ներկայիս տնտեսական մոդելը երկարաժամկետ կայուն աճի հեռանկարներ չի ստեղծում:
«Այս փոփոխությունը ենթադրում է, որ մենք պետք է պատրաստ լինենք զոհել որոշակի ցուցանիշների աճ, բայց փորձենք սա դարձնել որակ: Եթե նայեք կառավարության կողմից տրամադրված մաքսային և ավելացված արժեքի հարկի գծով արտոնություններին և դրանից զտեք հանքաարդյունաբերությունը, կտեսնեք, որ էական, նույնիսկ երկնիշ աճ կա: Սա նշանակում է, որ բիզնեսը պատրաստվում է տեխնիկական վերազինում անել: Հիմա հնարավորություն կա, որ սա կբերի որոշակի որակական փոփոխությունների, մեր կարծիքով՝ այո»,- հայտնեց նա:
Վարչապետի խորհրդականը նշում է, որ կառավարության հիմնական խնդիրն է տնտեսությունն ավելի մրցունակ դարձնելը: