ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահ է, որ շատ շուտով մարդիկ կտեսնեն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունքները՝ նոր ֆինանսական պայմանագրերի, նոր համաձայնագրերի տեսքով: Նման հայտարարություն Սվիտալսկին արել է հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում:
Նա վստահ է, որ նոր կառավարությունը քաջատեղյակ է և գնահատում է Եվրամիության հետ իր համագործակցությունը: «Կարծում եմ, կառավարության առաջանահերթային նպատակներից մեկը պետք է լինի էլ ավելի արդյունավետ և հայ ժողովրդի համար ավելի շահեկան համագործակցությունը մեզ հետ: Մենք լիովին համաձայն ենք այդ մոտեցման հետ, և փորձում ենք ավելի օգտակար դարձնել մեր համագործակցությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը ոչ միայն փողի, ֆինանսների մասին է, այլ նաև՝ բիզնեսի զարգացման համար խթաններ առաջարկելու:
Նրա խոսքով՝ չնայած Հայաստանը պատրաստվում է արտահերթ ընտրություններին, սակայն ախատանքները կառավարության հետ շարունակվում են: «Շարունակում ենք մեր աշխատանքները նոր կառավարության հետ: Եվ ես վստահ եմ, որ Դուք շատ շուտով կտեսնեք նոր պայմանգրերի արդյունքները՝ նոր ֆինանսական պայմանագրեր, նոր համաձայնագրեր»,- ասաց նա:
ԵՄ դեսպանը նաև նշեց, որ իրենք առաջարկում են կառավարությանը շարունակել վերանայել նախկինում քննարկված ծրագրերը։ «Ես հասկանում եմ, որ ամառվա հուլիս-օգոստոս ամիսներին կառավարությունը շատ զբաղված էր: Կարող եմ ասել, որ 2018 թվականի գործողությունների ծրագիրը արտացոլում է նախորդ տարվանը: Նոր թիմը որոշակի նոր փոփոխություններ ներմուծեց, որոնք մեզ համար ընդունելի են: Մենք բավարարված ենք, քանի որ նոր Կառավարությունը ցուցաբերեց ճկունություն և պրագմատիզմ»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարության հետ երկխոսություններ կան նաև 2019 թվականի գործողությունների վերաբերյալ:
Նա տեղեկացրել է նաեւ, որ առաջարկել են կառավարությանը վերանայել բյուջետային ծրագրերը: «Սա, իհարկե, աննախադեպ էր, որովհետև մենք սովորաբար չենք դիմում նոր կառավարություններին նման գործողությունների համար, բայց մենք նաև հասկանում ենք, թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում: Ստացել ենք նոր փաստաթղթեր կառավարության կողմից տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ, մենք գոհ ենք դրանցից: Կարող եմ ասել, որ առաջին հայացքից լավ տպավորություն ենք ստացել այդ առաջարկներից, և իրենց պահանջները կընդունվեն մեր կողմից: Ես հավատում եմ, որ մեր համագործակցության համար լավ քայլ ենք անում, որը կարևոր է: Այս լավ տեմպը շատ կարևոր է, որովհետև ՀՀ տնտեսության համար ուշացումները կարող են բացասական ազդեցություն ունենալ»,- ասաց նա:
ԵՄ դեսպանի խոսքով՝այս պահին իրենք սպասում են, որ ՀՀ կառավարությունը հանձնի ճանապարհային քարտեզ, որը վերաբերում է Եվրամիության հետ կնքած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործմանը: «Կարող եմ ասել, որ երկու կողմից էլ մեր ընդհանուր կոնտակտները կոնստրուկտիվ են»,- ասաց նա: