Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ստամբուլյան հռչակագիր են ստորագրել
Վրաստանը պատրաստ է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ նոր խոշոր ծրագրեր իրականացնել։ Այդ մասին իր ադրբեջանցի եւ թուրք գործընկերներ Էլմար Մամեդյարովի եւ Մեվլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին՝ տեղեկացնում է Անադոլուն։
Նրա խոսքերով՝ երեք երկրների դիվանագիտության ղեկավարների բանակցությունների ընթացքում նշված հարցի վերաբերյալ կարեւոր որոշումներ են ընդունվել։ Նախարարը նշել է, որ իրենք ակտիվորեն աշխատում են ռազմավարական բնույթի նոր ծրագրերի նախապատրաստման ուղղությամբ։
Ըստ Զալկալիանիի՝ Թբիլիսիի, Անկարայի եւ Բաքվի համագործակցության առաջնահերթություններից մեկը զբոսաշրջության ոլորտն է։ «Այսօրվա բանակցությունների արդյունքներով մենք ստորագրել ենք Ստամբուլյան հռչակագիրը։ Բացի այդ, տեղի է ունեցել 2017-2019թթ հատվածական համագործակցության գործողությունների պլանի շուրջ մտքերի փոխանակություն»,- ասել է նախարարը։
Էլմար Մամեդյարովը Թուրքիային շնորհակալություն է հայտնել միջազգային ասպարեզում աջակցության համար։ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Վրաստանի եւ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» կողմնակից է բոլոր հարթակներում եւ ցանկացած պայմաններում։ Նա հիշեցրել է, որ Էսկիշեխիրում ավելի վաղ տեղի էր ունեցել Տրանսանատոլիական գազատարի գործարկման արարողությունը՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Տրանսանատոլիական եւ Տրանսադրիատիկ գազատարների գործարկմամբ գազը տարածաշրջանից կմատակարարվի եվրոպական երկրներին։ Բաքու- Թբիլիսի- Կարս երկաթգիծը եւս նպաստել է երեք երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Չավուշօղլուն։ Նա նաեւ հավելել է, որ Թուրքիան աջակցում է Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցում։