24.11.2024
Գևորգ Կոստանյանը հորդորեց կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին
prev Նախորդ նորություն

Մեկ ձայն չբավարարեց. կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ

Հոկտեմբերի 29-ին ԱԺ արտահերթ նիստում ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը չի ընդունվել:


Քվեարկությանը մասնակցել է 63 պատգամավոր, կողմ է քվեարկել 62-ը, մինչդեռ օրենքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն: Կողմ են քվեարկել «Ծառուկյան» և ԵԼՔ խմբակցությունների պատգամավորները: «Հ.Յ. Դաշնակցություն» խմբակցությունից բացակայել է երկու պատգամավոր: Մինչդեռ խմբակցությունը կողմ էր արտահայտվել նոր օրենսգրքին:


Այսպիսով, Հայաստանը դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կգնա հին օրենսգրքով, որը ենթադրում է վարկանշային ընտրական համակարգ:


Այս առիթով դժգոհել է ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով, ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում:


«Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը: Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով:


Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով ետ է ընկնելու», - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ: