Եթե ԱՄՆ-ից կլինի ՀՀ համար շահավետ առաջարկ` կքննարկենք. Փաշինյանը` ամերիկյան զենքի մասին
ՀՀ Կառավարությունը որևէ բանով սահմանափակված չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկին։
«Եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ «ոչ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ոչ էլ որևէ մեկը չեն կարող խոսել իր անունից»: Այսպես Փաշինյանը մեկնաբանեց Բոլթոնի մեկ այլ հայտարարություն, թե վարչապետ ընտրվելուց հետո ինքը կարող է վճռական որոշումներ կայացնել նաև Լեռնային Ղարաբաղի հարցով։
Ըստ Փաշինյանի, Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, բայց ոչ նա, ոչ որևէ մեկը չեն կարող խոսել իր անունից.
«Իմ ընտրվելը հնարավորություններ կտա առաջնորդել ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նշել է Բոլթոնը։ Բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որևէ լուծում, որը ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների և Արցախի իշխանությունների համար», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։