Խաչատուրով. Ղարաբաղում խաղաղապահներ հարկավոր չեն
Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ հարկավոր չեն, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը։
«Այստեղ խաղաղապահ ուժեր հարկավոր չեն, մենք ինքնուրույն կարող ենք պատասխան տալ Ադրբեջանին։ Ուզում եմ տեղեկացնել, որ միայն վերջին 15 օրվա ընթացքում նրանք մեր դիրքերի ուղղությամբ արձակել են մի քանի հազար ականներ` մինչև 10 կմ խորությամբ։ Մենք համարժեք պատասխան ենք տվել, հիմա քայլն իրենցն է։ Նրանք լուրջ կորուստներ ունեն, միաժամանակ ի տարբերություն նրանց` մենք չենք կրակել գյուղերի ուղղությամբ», – ասաց Խաչատուրովը երկրում անցկացվող «Անխախտելի եղբայրություն 2015» ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունների շրջանակում, հայտնում է Սպուտնիկը:
Վերջին օրերին Ղարաբաղի ուժերի դիրքերի նկատմամբ իրականացված հրետանահրթիռային հարվածի հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ չորս զինծառայողներ։ Դրա նախորդ օրը Հայաստանի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։ Գնդակոծությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և նռնականետներ։ ԼՂՀ ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ղարաբաղյան կողմի հատուցման ակցիայի հետևանքով Ադրբեջանի կողմից զոհվել է ավելի քան տասը մարդ, կան նաև վիրավորներ։
Խաչատուրովի խոսքով` այս ամենը դադարեցնելու համար Հայաստանն առաջարկում էր հեռացնել դիպուկահարներին, անցկացնել քաղաքացիական անձանց մահվան և գյուղերի գնդակոծման փաստերի քննություն, սակայն Ադրբեջանը տարբեր վերապահումներով հրաժարվում է այդ առաջարկներից։
«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղություն պահպանելուն ուղղված օպերացիայի պատրաստում և ներդրում» թեմայով զորավարժություններն անցկացվում են Հայաստանի «Բաղրամյան» հրաձգարանում սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 4–ը։
Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 600 զինծառայողներ և 50 միավոր տեխնիկա, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ներառվող Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության (միլիցիայի) ներկայացուցիչներն ու ստորաբաժանումները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ՀԱՊԿ միավորված շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները։