Դավիթ Բաքրաձե. Վրաստանի ապագան` ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն է
Եվրոպական Վրաստան կուսակցությունից Վրաստանի նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ իրենց առաջնային նպատակներից է «տեղի չտալ Ռուսաստանի խաղերին, թե իբր ՆԱՏՕ-ին անդամակցությունը կապ ունի տարածքային ամբողջականության զիջման հետ»:
«Որպես նախագահ՝ իմ գլխավոր խնդիրներից է լինելու արագացնել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին: Մենք նաև պետք է հասկանանք, որ անդամակցությունն այս երկու կառույցներին միայն անվտանգություն չի ապահովում, դա նաև տնտեսական զարգացում է բերում», - ասել է Բաքրաձեն:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ այն պահից, երբ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանը ստիպված կլինի գիտակցել, որ Վրաստանը հարևան է, այլ ոչ թե տարածք, որը պետք է վերահսկել:
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին մեր ապագա անդամակցությանը՝ մեր նպատակն է տեղի չտալ Ռուսաստանի այն խաղին, ըստ որի իբր մեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կապված է տարածքային ամբողջականության հարցում զիջումների հետ: Ոչ մի զիջում չի լինելու: Վրաստանի համար խաղաղության ու բարեկեցության բանաձևն այն է, ինչ արեց Արևելյան Եվրոպան, Մերձբալթյան երկրները», - ասել է Վրաստանի նախագահի թեկնածուն: