25.11.2024
Մամուլ. Բա որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտրվի՞
prev Նախորդ նորություն

Համաներման նածագիծը ԱԺ-ում է. պատժից կազատվեն նաև «Սասնա ծռեր»-ի անդամները

ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել համաներում հայտարարելու մասին նախագիծը` Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ:

Օրենքը կարգավորում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները։

Ըստ նախագծի, համաներման կիրառման շրջանակներն են`
1. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել`
1) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց.
2) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:

2. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.
2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց.
3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց.
4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց.
5) 60 տարին լրացած անձանց.
6) հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.
7) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.
8) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուսին, զավակ կամ ծնող են եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն։

3. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են`
1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը.
2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը:

4. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար`
1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց.
2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը կրած անձանց»,- ասված է նախագծում:

Ուշագրավ է, որ համաներում հայտարարելու արդյունքում պատժից կազատվեն նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամները.

11. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել.
1) 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:
2) Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետը չի տարածվում նույն կետում նկարագրված իրադարձությունների ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան:
3) Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետում նկարագրված հանցագործությունների արդյունքում պատճառված նյութական վնասի հատուցման հարցը կարող է լուծվել քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:

Համաներման նախագծի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ ստորև: