Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական գործընկերության երրորդ միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակներում:
Եվրասիական գործընկերության երրորդ միջազգային համաժողովի ռազմավարական նպատակը միասնական տնտեսական տարածության մեջ լրացուցիչ կուտակային հնարավորությունների ստեղծման քննարկումն է, նոր, բեկումնային, ստեղծարարական տեխնոլոգիաների, նորարարությունների, բարձր որակավորում ունեցող անձնակազմի ներգրավման միջոցով՝ համաշխարհային շուկաներում մրցունակ ապրանքների արտադրության ապահովումը:
Համաժողովի ընթացքում Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով ԵԱՏՄ երկրների միջև ջանքերի մեկտեղման կարևորությանը նորարարությունների և նոր մշակումների տեսանկյունից, ընդծգել է ԵԱՏՄ երկրներում կոմերցիոն հիմունքներով գործող համապատասխան բորսայի ձևավորման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա նոր թվային և տեխնոլոգիական լուծումներ գտնել: Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության ոլորտում առկա խոչընդոտների վերացումը ազդակ կհաղորդի երկրներում առկա բիզնեսների զարգացմանը և հնարավորություն կտա ապահովել տեխնոլոգիական առաջընթաց:
Իր ելույթում նա նշեց, որ ԵԱՏՄ հիմնական պահանջներից մեկը երկրների ջանքերի մեկտեղումն է, ինչն արդյունավետ է բոլորի համար, քանզի թույլ է տալիս բոլորին կմիավորվել և ներդնել իրենց ջանքերը նորարարությունների և նոր մշակումների մեջ:
«ԵԱՏՄ երկրները պետք է համապատասխան բորսա ձևավորեն, որտեղ կներկայացնեն նոր թվային և տեխնոլոգիական լուծումները, և այն պետք է գործի կոմերցիոն հիմունքներով: Այս պոտենցիալ միջնորդությունը չպետք է ազդի ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի վրա, բայց մենք պետք է ունենանք օրենսդրություն, որի միջոցով կպաշտպանենք մտավոր սեփականության իրավունքը»,-նշեց նա, ավելացնելով, որ անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ, համաձայն որի կներդաշնակեցվի օրենսդրությունները` հատկապես մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ:
«Որքան շատ լինի ստանդարտացում ու որքան քիչ հնարավոր խոչընդոտները, որքան շատ բիզնեսը տրամադրված լինի զարգացման ուղղությամբ, այնքան ԵԱՏՄ երկրները կունենան ավելի մեծ տեխնոլոգիական առաջընթաց»,- հավելեց նա: