ԱԺ-ն՝ տուն-տունիկ. Փաշինյանին առաջադրել են, բայց չեն ընտրի
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ այդպիսով ճանապարհ հարթելով դեպի ԱԺ լուծարում: Տեխնիկապես դա հնարավոր է, եթե առաջիկա երկու շաբաթների ընթացքում ԱԺ-ն նոր վարչապետ չընտրի: Այսինքն, ենթադրելի էր և ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը ևս հայտարարեցին, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի:
Սակայն Ելք խմբակցությունը, այդուհանդերձ, առաջադրեց վարչապետի թեկնածու՝ ոչ ֆորմալ, ինչպես պարզաբանեց խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը.
«Այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և խնդիրը ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»,- հայտարարեց նա:
Հետևելով վերջին ամիսներին հայաստանյան ներքաղաքական զարգացումների տրամաբանությանը, հաջորդիվ խորհրդարանական ուժերը պետք է հայտարարեին, թե չեն ընտրի Նիկոլ Փաշինյանին, այդպիսով աջակցություն հայտնելով այս խաղին: Եվ այդպես էլ եղավ՝ Ծառուկյան խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն քվեարկի Փաշինյանի օգտին՝ հավատարիմ մնալով ներկայացված օրակարգին: Ըստ Զոհրաբյանի, դա ֆորմալ առաջադրում է և գործընկերների հետ չքվեարկելով իրենք թույլ կտան, որպեսզի այն քաղաքական օրակարգը, որը ներկայացված է, սպասարկվի:
«Մենք հավատարիմ ենք մնում մեր ստորագրած հուշագրին»,- հայտարարեց նա:
Լենա Նազարյանը ամեն դեպքում հորդորեց ԱԺ-ականներին կողմ չքվեարկել՝ կրկնելով, որ դա ֆորմալ առաջադրում է:
Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե ինչպես կքվեարկի Դաշնակցությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով, խմբակցությունը դեռ դիրքորոշում չունի հոկտեմբերի 24-ին կայանալիք վարչապետի ընտրությանը քվեարկելու մասով: Բայց նա նեղսրտեց, թե «գոնե մեկ ուրիշին առաջադրեին, որ դեմ քվեարկելը հեշտ լիներ»։
Ի վերջո, պարզաբանեց Ռուստամյանը, «հիմա Նիկոլ Փաշինյանին կողմ չքվեարկելը կարող է ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, թե իրենք հակահեղափոխական են, սև ուժ են».
«Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի՝ որն է ճիշտը», - լրագրողների հետ զրույցում շեշտեց Արմեն Ռուստամյանը։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ԱԺ-ում ճիշտ հաշվարկ են արել՝ խորհրդարանում որևէ ուժ չունի բավարար ձայներ, որպեսզի կողմ քվեարկելով վաղվա քվեարկությանը Նիկոլ Փաշինյանին վերադարձնի վարչապետի պաշտոնին ու դրանով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ծրագիրը տապալի: Նույն Հանրապետականը, անգամ եթե նման ցանկություն ունենա, չի կարող ապահովել անհրաժեշտ ձայները, այնպես որ վաղվա քվեարկությունը արդեն այսօր կարելի է տապալված համարել:
Նշենք, որ վաղը ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է ՀՀ վարչապետի ընտրությունը: