Իշխանության հապճեպությունը վնաս է հասցնում ժողովրդավարական գործընթացներին. Սարգսյան
Գործող իշխանությունը համարում է, որ իր համար քաղաքական առումով նպաստավոր պայմաններ են, գնում է ընտրությունների, բայց այդ քայլը մեծ վնաս է հասցնում ժողովրդավարությանը և ժողովրդավարական գործընթացներին Հայաստանում: Այս մասին ԱԺ-ում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը:
Ըստ նրա, այդ հապճեպությունը խանգարելու է քաղաքական դաշտին, քանի որ քաղաքական ուժերը պետք է ժամանակ ունենան պատրաստվել ընտրությունների:
Անդրադառնալով այսօր կառավարության կողմից հավանության արժանացած Ընտրական օրենսգրքի նախագծին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ այն չի արտացոլում հենց Կառավարության գործունեության ծրագրի տրամաբանությունը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել, թե ինչպես է քվեարկելու օրենսգրքին, բայց մտահոգությունները մեծ են:
«Ես կոնցեպտուալ սխալ եմ համարում Ընտրական օրենսգիրքը հապճեպ փոխելը: Որպեսզի իմ կարծիքը չասեմ, նշեմ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը՝ Ընտրական օրենսգիրք փոխելուց հետո ժամանակ է պետք, որ կուսակցությունները պատրաստվեն ընտրությունների այդ փաստաթղթով: Ես համոզմունք ունեի, որ կառավարությունը ուզում է այս նախագիծը բերելով կատարած լինի իր խոստումը, այնուհետ ձեռքերը լվա՝ ասելով, թե ինքը կատարեց իր նախընտրական խոստումը, բայց խորհրդարանը չընդունեց այն: Եվ այսօր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից ես համոզվեցի, որ ճիշտ էի»,- ասաց նա: