Այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք մնա առանց օրվա հացի. բաց նամակ՝ վարչապետին
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները հանդես են եկել բաց նամակով՝ ուղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է SOS Ալավերդի նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը՝ հրապարակելով նամակը:
Բաց նամակում, մասնավորապես, գրված է.
«Այսօր կամ վաղը մեր գործարանը կանգնած է փակման եզրին, որը միակ աշխատատեղն է մեր քաղաքում ու հարակից բնակավայրերում։ Մենք չենք ուզում, որ այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք մնա առանց օրվա հացի։
Հարգելի պարոն Փաշինյան, մեր կոլեկտիվի և Ալավերդի քաղաքի հույսը մեր նորընտիր կառավարությունն է։ «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվն այսօր գտնվում է անորոշության մեջ, չգիտենք մեր հետագա ճակատագիրը։ Ընկերության աշխատանքով ապահովվում է Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը։ Գործարանի փակվելը նշանակում է Ալավերդու և հարակից շրջանների բնակչության արտագաղթ։
Ընկերության աշխատակիցների մեծ մասը գտնվում է վարկային պարտավորությունների տակ։
Այսօր արդեն տնօրինության կողմից հրահանգավորվել է դադարեցնել արտացոլիչ վառարանի աշխատանքը։ Տեխնոլոգիական առումով վառարանի սառեցումը կառաջացնի վառարանի և ծխատարի ամբողջական համակարգի վթարային իրավիճակ։
Պարոն վարչապետ, «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվը խնդրում է միջոցներ ձեռնարկել լուծելու վերոշարադրյալ խնդիրը։ Այլապես Ալավերդի քաղաքի բնակչությունը ստիպված կլինի անցնել կտրուկ ու անկանխատեսելի գործողությունների, որոնք կարող են դիտվել միտումնավոր քայլեր՝ ուղղված մեր կառավարության դեմ», - ասված է նամակում։