24.11.2024
ՀՔԾ-ի ինձ սպառնալու եւ ճնշում գործադրելու ապարդյուն փորձ է կատարում. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Մահացել է «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Արայիկ Խանդոյանը

«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է Արայիկ Խանդոյանի մահվան լուրը:


«Խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»,- գրել է նա:


«Աստուած հոգին լուսաւորէ, ու մեզ բոլորիս համբերութիւն: Սրտի կաթուածով նա հեռացաւ...»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Թորոս Սեֆիլյանը:


Նշենք, որ վաղը՝ ժամը 11։00֊ին կայանալու էր Սասնա Ծռերի՝ Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Պավլիկ Մանուկյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։


Արայիկ Խանդոյանը, ով հայտնի էր որպես Միայնակ Գայլ, Վերին Սասունիկ գյուղից էր, ծնվել էր 1971թ. ապրիլի 19-ին: Արցախյան պատերազմի մասնակից-ազատամարտիկ էր, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության և Սասնա Ծռեր խմբավորման անդամ։ 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք է հայթայթել հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։ 1989 թ.-ին զորակոչվել է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թ.-ին արձակուրդ է վերցրել և այլևս չի վերադարձել: Մեկնել է Արցախ և միացել հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակել է ՀՀ ԶՈՒ-ում։ Արայիկ Խանդոյանը 5 երեխա ուներ:Արայիկ Խանդոյանը իր քաղաքական ակտիվ դիրքոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ ձերբակալման։


2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա Ծռեր խմբավորման կազմում Արայիկ Խանդոյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամասի ազատագրմանը։ Զինյալ խմբի անդամները պահանջում էին ՀՀ իշխանությունների հրաժարականը, այդ թվում՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի, ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանումը։


2015 թվականի մարտի 11-ին Արայիկ Խանդոյանը, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել է իր մարտական մեդալներից՝ Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներ, «Մարտական ծառայության» պարգևը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլն: