ՀՔԾ-ի ինձ սպառնալու եւ ճնշում գործադրելու ապարդյուն փորձ է կատարում. Աշոտյան
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է իր մասին Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հատուկ քննչական ծառայության ինձ վերաբերող տարօրինակ հայտարարության առնչությամբ հայտնում եմ հետեւյալը։
Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, մամուլում երբեմն հայտնվող եւ իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքներին իմ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված։
Երկար ժամանակ է, ինչ այդ զրպարտությունը բացառապես լրատվական առիթ էր որոշ զլմների համար, իշխանափոխությունից հետո մի պահ խնդրով հետաքրքրվեց դատախազությունը, իսկ ներքաղաքական իրավիճակի սրացումից անմիջապես հետո գործի անցավ ՀՔԾ-ն։
Այս մանրամասները ստիպված շարադրում եմ՝ ամենեւին նպատակ չունենալով ազդել հարուցված գործընթացի վրա, միաժամանակ այս ժամանակահատվածում տվյալ հայցի թարմացումը ՀՔԾ-ի կողմից գնահատում եմ ինձ սպառնալու եւ ճնշում գործադրելու ապարդյուն փորձ։
Հիշեք, որ իմ քաղաքական հայացքները մնում են անփոփոխ»:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ Աշոտյանին կոչ անելով զերծ մնալ կառույցի հասցեին հերյուրանքներ տարածելուց:
«Ա. Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում՝ իրեն սպառնացած՝ ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում՝ նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում եւ հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»,-ասված էր ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: