ԱՄՆ-ն 20 մլն դոլարով ավելացնում է Հայաստանին տրվող աջակցության ծավալները. դեսպան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող աջակցության ծավալների ավելացման մասին:
Նա նշել է, որ առաջիկա տարում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան $26 մլն` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին աջակցության միջոցներից, որը $20 մլն-ով ավելի է Հայաստանի համար նախատեսված ֆինանսավորումից: Այս միջոցները կուղղվեն երկրում քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին:
Ըստ Միլսի, միջոցները կուղղվեն նաև ԱՄՆ վարչակազմի կողմից որպես արտաքին քաղաքականության գերակայություն սահմանված գործարար և առևտրային հնարավորությունների ընդլայնմանը՝ ամերիկյան և հայկական ընկերությունների համար, այդ թվում նաև աջակցելով էներգետիկ բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի արագ տեմպերով աճող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:
Ավելի վաղ Միլսը հանդիպել է Փաշինյանին: Ավարտին է մոտենում նրա՝ որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պաշտոնավարման ժամկետը: