ՀՀԿ-ն չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն. Հայտարարություն
Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: «ՀՀԿ» խմբակցությունը հայտարարում է.
«Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է:
Մեր պատկերացմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են, որի դեպքում հնարավոր կլինի խորհրդարանական պետությանը հարիր խորհրդարան ձևավորելու համար լիարժեք քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻԳ մոնիթորինգի հանձնաժողովի հետ: Բացի այդ, նշված ժամանակահատվածում հնարավոր կլինի ձեռք բերել այն անհրաժեշտ տեխնիկական միջոցները, որոնք կապահովեն ընտրությունների պատշաճ անցկացումը:
Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բոլոր քաղաքական ուժերի հետ մայիս-հունիս ամիսներին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ միասնական հայտարարությամբ հանդես գալու համար:
Անկախ այս ամենից, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: Ընտրությունները գարնանն անցկացնելու մեր մոտեցման նպատակը մեկն է` ապահովել ժողովրդավարական սկզբունքներով նոր խորհրդարանի ձևավորումը»:
Հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրով խմբակցությունը Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրելու և չի աջակցելու վարչապետի որևէ թեկնածուի:
Երկու օրում «Հանրապետական» խմբակցության 8 և խմբակցությունը լքած ևս 8 պատգամավոր հայտարարեցին, որ աջակցում են դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին և դեմ են մինչև այդ վարչապետի պաշտոնում որևէ մեկի թեկնածության առաջադրմանը: