ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ավելի քան 10 տարվա աշխատանքից հետո լքում է պաշտոնը: Նա նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ և Նիդերլանդներում ՀՀ դեսպան:
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
"Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ նշանակել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):
Նախագահի մեկ այլ հրամանագրով, Բալայանը միաժամանակ, Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)":
Ավելի վաղ հենց ինքը Բալայանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, ավելի քան 10 տարվա աշխատանքից հետո լքում է պաշտոնը.
"Հարգելի գործընկերներ, լրատվամիջոցների հարգարժան աշխատակիցներ,
Եզրագծին մոտեցավ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իմ տասնամյա ծառայությունը։
21-ամյա դիվանագիտական գործունեությանս գրեթե ողջ ընթացքում առնչություն եմ ունեցել լրատվամիջոցների հետ աշխատանքին, ավելին` մամուլի ներկայացուցիչների հետ աշխատանքը եղել է իմ անմիջական պարտականությունը։
2008թ. փետրվարին ԱԳՆ խոսնակի պարտականությունների կատարման ստանձնումը տեղի ունեցավ շատ անսպասելի, Հայաստանի համար շատ ծանր ժամանակահատվածում, հանգամանքների բերումով, քանի որ նախագահական ընտրություններից հետո ԱԳՆ նախորդ խոսնակի՝ Վլադիմիր Կարապետյանի (ում առաջարկով Բրյուսելից վերդառնալիս վերադարձա Մամուլի և տեղեկատվության վարչությունում) աշխատանքից ազատումից հետո, Մամուլի վարչությունում ավագությամբ հաջորդ դիվանագետը ես էի։ Ծրագրվում էր, որ խոսնակի պարտականությունները կատարելու եմ երկու ամիս. դա տևեց տաս տարուց ավելի։
Այս տարիների ընթացքում եղել են և շատ լարված ժամանակահատվածներ, և համեմատաբար թեթև օրեր։ Հետադարձ հայացք գցելով աչքերիս առաջ անցնում են կտրած ճանապարհների տասնյակ հազարավոր կիլոմետրերը, վեց մայրացամաքները, անհաշիվ երկրներն ու քաղաքները, օդանավակայաններն ու կայարանները, հյուրանոցներն ու նախագահական պալատներն ու արտգործնախարոությունները, համաժողովներն ու ամենաարժեքավոր կապիտալը, որ կուտակել եմ՝ մարդիկ, ում հետ հնարավորություն է եղել ծանոթանալ, շփվել, լսել ու սովորել։
Լրատվամիջոցների հետ աշխատանքի և հանրային դիվանագիտության բնագավառում փորձս մի քանի տարի է փոխանցում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին՝ դասավանդելով «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահավումը» առարկան։ ԵՊՀ հրատարակչությունը ներկայումս տպագրության է պատրաստում իմ հեղինակած նույնանուն գիրքը, որը խոսնակի պաշտոնում ստացած գիտելիքների ու փորձառության յուրատեսակ հաշվետվություն է հանդիսանում։
Պաշտոնավարման տարիներին փորձել եմ հրանավորինս հասանելի և օգտակար լինել բոլորի համար, անկախ քաղաքական կողմնորոշումից և օրակարգից։ Հուսով եմ, որ դա ինչ-որ չափով ստացվել է։ Չեմ ընդունել կեղծիքը, բանսարկությունը, խաբեությունն ու վիրավորանքը։ Ինքս երբեք՝ նույնիսկ ամենաբարդ և հակասական իրավիճակներում չեմ ստել ու կեղծել՝ առաջոնրդվելով «Ամբողջ ճմարտությունը չասելը չի նշանակում ստել» մոտեցմամբ։
Խոսնակի պաշտոնը թողնում եմ բավականության զգացումով, քանի որ այս տարիների ընթացքում ինձ բախտ է վիճակվել աշխատել կայացած ու իր անելիքներն հստակ գիտակցող և պարտականությունները գերազանց իրականացնող թիմում, ուսանել և սովորեցնել։ Համոզված եմ, որ Հայաստանում առկա նոր իրավիճակում գործընկերներս ավելի թարմ ու ստեղծարար մոտեցումներով առավել բեղմնավոր են աշխատելու, նոր օրինակելի մակարդակի են բարձրացնելու արտգործնախարարության և նրա գործունեության հանրային ընկալումը, ու շարունակելու են արդյունավետ պաշտպանել Հայաստանի շահերը։
Երախտագիտությամբ ընդունել եմ եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկը և այսօր ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Կադրային դիվանագետի համար դեսպան նշանակվելը բաղձալի և կարևորագույն մի հանգրվան է, որի մասին թե համալսարանական, թե աշխատանքային տարիներին կարող ես միայն երազել։ Երախտապարտ եմ վսհատության և գնահատանքի համար։
Շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրը մի մեծ դպրոց է եղել ինձ համար, ուստի հարկ եմ համարում նշել բոլորին անուն առ անուն՝ Նաիրա Մելքումյան, Կարեն Միրզոյան, Վարդան Օսկանյան, Զոհրաբ Մնացականյան, Աշոտ Ղուլյան, Թաթուլ Մարգարյան, Շավարշ Քոչարյան, Շահեն Ավագյան, Վահագն Մելիքյան, Սուրեն Սահակյան, Վիգեն Չիտեչյան, Արթուր Ադոյան, Գագիկ Ղալաչյան, Զյունիկ Աղաջանյան, Շաղիկ Մարուխյան, Վլադիմիր Կարապետյան։
Իհարկե, պետք է հատուկ հիշատակեմ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ում հետ աշխատելիս ահռելի գիտելիքներ ու փորձ եմ ձեռք բերել, սովորել թե՛ դիվանագետի մասնագիտության շատ նրբություններ, թե՛ համառություն, թե՛ հավատ սեփական ուժերի նկատմամբ։
Պետք է նշեմ նաև իմ մի քանի գործընկերների անուններ, ովքեր այս տասը տարիներին մեծապես նպաստել են իմ մասնագիտական գիտելիքների խորացմանը. Անդրանիկ Հովհաննիսյան, Արմեն Ղևոնդյան, Վարուժան Ներսեսյան, Տիգրան Մկրտչյան, Հասմիկ Տոլմաջյան, Սերոբ Բեջանյան, Վահագն Աթաբեկյան, Պարույր Հովհաննիսյան, Արմեն Պապիկյան։ Նրանց հետ, բառի ուղիղ և փոխաբերական իմաստով, երկար ճանապարհ ենք անցել։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ՝ մինչև մեր երկրում և ընդհանրապես տարածաշրջանում ամենախոշոր միջոցառման՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ավարտը շարունակելու եմ իրականացնել գագաթաժողովի խոսնակի պարտականությունները։ Այդ և այլ առիթներով դեռ կհանդիպենք։
Ծառայում եմ Հայրենիքին և հայ ժողովրդին"։