26.11.2024
ԱԺ հանձնաժողովը կստուգի գազի և էլէներգիայի սակագների հիմնավորվածությունը. Բաբլոյան
prev Նախորդ նորություն

Նորակառույց շենքերից ձեռքբերված բնակարանների համար կգործեն անտոկոս վարկեր. վարչապետ

Երիտասարդ ընտանիքները մարզերում հիփոթեքով բնակարաններ ձեռք կբերեն առավելագույնը 5,5 տոկոսով, իսկ Երեւանում՝ 7,5 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ սա կառավարության կարեւոր որոշումներից է, քանի որ տոկոսների զգալի նվազում է տեղի ունեցել: Վարչապետը միաժամանակ տեղեկացրեց, որ կենտրոնական բանկի նախագահը իր հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է, որ որոշ բանկեր ավելի ցածր տոկոսներով կտան վարկերը:


«Երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար նոր որոշումներ են ընդունվել: Նախկինում, եթե երիտասարդ ընթանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային տարիքը համարվում էր 65-ը, ապա այն ավելացվել է 5 տարով եւ դարձել է 70»,- ասաց նա:


Եթե նախկինում պահանջվում էր 30 տոկոս կանխավճար, ապա հիմա հնարավորություն կա 10 տոկոս վճարելու, եթե գրավ է դրվում ինչ-որ բնակարան: «Կարեւոր առանձնահատկություն է, որ հնարավոր կլինի գնել երկրորդային շուկայից 25 մլն դրամ արժեցող բնակարան, կամ նորակառույցներից՝ 30 մլն դրամի սահմաններում: Նորակառույցների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է, որն աննախադեպ է ժամկետի առումով, իսկ երկրորդային շուկայից ձեռքբերվածների համար կգործի 25 տարի վճարման ժամկետը»:


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նորակառույց բնակարաններ ձեռքբերած քաղաքացիները հետ են ստանում իրենց վճարած եկամտահարկը:


«Սա նշանակում է, որ առաջնային շուկայից ձեռքբերված բնակարանների համար կգործեն անտոկոս վարկեր: Այսինքն՝ 30 տարով անտոկոս վարկ: Սա շատ լավ հնարավորություն է եւ այն մարդիկ, ովքեր միջինից բարձր աշխատավարձ ունեն, սրանից կօգտվեն: Ես հասկանում եմ, որ ոմանք աշխատանք չունեն, բայց ես ասել եմ, որ աշխատանքը խրախուսվելու է:


Մարդիկ բնակարանների խնդիրներ ունեն եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ լինեն մատչելի վարկեր, որպեսզի նրանք բնակարաններ գնեն: Խոսքը չի վերաբերվում այն խավերին, որոնց պետությունը պարտավոր է բնակարաններով ապահովել», - ասել է Փաշինյանը: