«Ռոսիա 1»-ը Փաշինյանի և Ալիևի երկխոսության նոր կադրեր է հրապարակել (տեսանյութ)
01.10.2018
Россия-1 հեռուստաալիքը հրապարակել է նոր տեսանյութ, որի կադրերում են նաև Դուշանբեում զրուցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ռեպորտաժի հեղինակը նկատել է, որ թեև երկու երկրների ղեկավարները լարված էին, բայց դա նրանց չի խանգարել զրույցը շարունակել դեպի նիստերի դահլիճ տանող ամբողջ ճանապարհին:
Ադրբեջանական մամուլը հրապարակված այս կադրերը որակել է սենսացիոն:
Հիշեցնենք, Դուշանբեից Հայաստան վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց Ալիեւի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ունեցած զրույցի մասին, ինչպես եւ ավելի վաղ խոստացել էր:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր: Մենք պայմանավորվեցինք, որ մեր Պաշտպանության նախարարություններին հանձնարարություն կտանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում եւ ընդհանրապես առկա լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,- ասել էր ՀՀ վարչապետը: