23.11.2024
Մամուլի տեսություն. Պատգամավորները խումբ-խումբ գործուղվել են արևմտյան ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս կարող է Երևանն արձագանքել Բաքվի և Իսլամաբադի մերձեցմանը

Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը մարտի 11-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Պակիստանի նախագահի հետ Բաքու է ժամանել պակիստանցի գործարարների և պաշտոնյաների բավականին մեծ պատվիրակություն: ԶԼՄ-ների տեղեկություններով, ադրբեջանա-պակիստանյան բարձ մակարդակով քննարկումների կիզակետում են լինելու տնտեսական, ռազմական, կրթական և հումանիտար ոլորտում համագործակցության հարցերը:

Բաքվի և Իսլամաբադի հարաբերությունները Ադրբեջանի անկախացումից հետո ակտիվորեն զարգացել են և Մամնունի այցը հավանաբար այդ կապերն էլ ավելի կամրապնդի: Պակիստանի նախագահն Ադրբեջան կատարելիք այցին ընդառաջ հայտարարել է, որ Պակիստանն ու Ադրբեջանը ունեն ընդհանուր մոտեցումներ տարածաշրջանային և միջազգային հարցերում: Նրա խոսքով, Բաքուն և Իսլամաբադն աջակցում են միմյանց Ջամմու և Քաշմիրի ու ղարաբաղյան հարցերում:

Ինչ վերաբերվում է տնտեսական գործընկերությանը, ապա 2014թ.-ի տվյալներով երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 2.8 միլիոն դոլար: Կողմերը ցանկանում են սերտացնել տնտեսական կապերը և Ադրբեջանի ու Պակիստանի միջև ուղիղ ավիաչվերթներ հաստատել: Պակիստանում Ադրբեջանի դեսպան Դաշգըն Շիկարովը օրերս հայտարարել է, որ նախագահ Մամնունի այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք կարևոր պայմանագրեր, այդ թվում Բաքվի և Իսլամաբադի միջև ավիաչվերթներ իրականացնելու համար:

2012թ.-ին Պակիստանի Մուզաֆարաբադ քաղաքում բացվեց Հեյդար Ալիև հիմնադրամի նախագահ, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևի անվան աղջիկների համար նախատեսված դպրոցը, ինչը նույնպես խոսում է ադրբեջանա-պակիստանյան հարաբերությունների խորության մասին:

Տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցությունից բացի ակտիվ են կապերը նաև ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում, ինչը ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելու պարագայում շատ ուշագրավ է: Նախորդ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել էր Իսլամաբադ և հանդիպել այդ երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության հետ: Չպետք է մոռանալ, որ Պակիստանի Սենատը 2012թ.-ին ճանաչել է այսպես կոչված Խոջալուի <<ցեղասպանությունը>>՝ դա իրականացնելով ադրբեջանական կողմի ակտիվ լոբբինգի արդյունքում:

Ադրբեջանա-պակիստանյան հարաբերություններում վերոնշյալ զարգացումները կարևոր են նաև Հայաստանի համար, հաշվի առնելով Երևանի համար կենսանական նշանակության՝ ղարաբաղյան հարցում Իսլամաբադի միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշումը: Պակիստանը մինչ այս պահը չի ճանաչել Հայաստանը և Երևանի հետ չի հաստատել դիվանագիտական կապեր: Բացի այդ, Իսլամաբադն աջակցում է Բաքվի՝ ղարաբաղյան հիմնախնդրին կրոնական ֆոն ապահովելու փորձերին:

Ի հակակշիռ ադրբեջանա-պակիստանյան սերտ կապերի, այդ թվում ռազմական և տնտեսական ոլորտներում, Հայաստանը բալանսավորելու համար այդ կապերը կարող է ակտիվացնել իր տնտեսական, ռազմա-քաղաքական հարաբերությունները Հնդկաստանի հետ, ով կիսապատերազմական վիճակում է Իսլամաբադի հետ և տարածաշրջանում Պակիստանի թիվ մեկ մրցակիցն է:

Մարդկային և տնտեսական մեծ պոտեցիալի տիրապետող, միջուկային զենք ունեցող Հնդկաստանը վերածվել է տարածաշրջանային գերտերության և Ասիայում այդպիսի գործընկեր ունենալը բխում է Երևանի շահերից: Եթե Ադրբեջանը Պակիստանին <<հրավիրում>> է Հարավային Կովկասի տարածաշրջան և դառնում Իսլամաբադի թիվ մեկ գործընկերը տարածաշրջանում, ապա Երևանը կարող է Դելիի համար դառնալ կարևորագույն գործընկեր Կովկասում, եթե հաշվի առնենք, որ դրա համար կա հարուստ նախապատմություն: Հայ-հնդկական հարաբերությունները ունեն դարերի պատմություն, ժամանակին Հնդկաստանում գոյություն ուներ ծաղկուն հայկական գաղութ՝ Կալկաթայում և Բոմբեյում:

Եթե տարածաշրջան մուտք են գործում արտատարածաշրջանային ուժեր, նոր խաղացողներ, ապա դրան անհրաժեշտ է ադեկվատ արձագանքել՝ դիվանագիտական, տնտեսական, հումանիտար և այլ հարթակները օգտագործելով: