Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի հավատում վարչապետի բացատրությանը
Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
"Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։
Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է", - ասված է նրա գրառման մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Երեւանի ընտրություններում ընտրողների ակտիվությանը թուլությանը՝ նշելով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրողներին տեղամաս բերել չկա:
«Իհարկե այս ընտրություններում գազելներ չեն լինելու, խթաններ չեն լինելու: Եւ ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները ակտիվ մասնակցություն կցուցաբերեն ընտրություններին: Այս ընտրությունը բացառիկ է նրանով, որ բացառապես ձեր որոշումն է լինելու եւ դուք եք որոշելու, թե ինչ արդյունք լինի: Միայն ձեր որոշումից է կախված, թե ինչ է լինելու ընտրություններում: Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ ընտրությունները խաղաղ են արդար են, չնայած փոքրիկ միջադեպեր են տեղի ունեցել, որոնք շատ դժվար է միջադեպ անվանել, բայց դրանք էլ կկարգավորվեն», - ասել էր նա: