26.11.2024
Հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող. ՊՆ
prev Նախորդ նորություն

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

Սեպտեմբերի 19-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:


Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը միավորում են ընդհանուր՝ համամարդկային արժեքները, և հավելեց, որ հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է:


Զրուցակիցներն արժևորեցին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կարգավիճակում Դունյա Միյատովիչի առաջին այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու մարդու իրավունքների ոլորտում առկա իրադրությանը և ուրվագծելու համագործակցության հետագա ուղիները: Այս գործընթացում երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ակտիվ և կենսունակ քաղաքացիական հասարակության դերը:


Հանդիպման ընթացքում զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին ՀՀ օրենսդրական բարեփոխումներին, մարդու իրավունքների մշտադիտարկմանն առնչվող հարցերը, ինչպես նաև Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության խորացման հեռանկարները:


Հատուկ անդրադարձ կատարվեց կանանց և երեխաների, սոցիալապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կանանց մասնակցությունը երկրի հասարակական կյանքում բավական տեսանելի և նշանակալի է: Նախարարը հավելեց նաև, որ Հայաստանը գրեթե ավարտին է հասցրել Խաղաղության և հակամարտությունների կարգավորման գործընթացներում կանանց դերակատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման նպատակով հասարակական լայն քննարկումների միջոցով գործողությունների ազգային ծրագիր մշակելու գործընթացը:


Նախարար Մնացականյանը հանձնակատար Միյատովիչին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ հիմնախնդրի կարգավորման գլխավոր շահառուն մարդիկ են, ովքեր ունեն անվտանգ ապագայում խաղաղ ապրելու հստակ նպատակ և իրենց ամենօրյա գործունեությամբ հնարավորինս նպաստում են այդ նպատակի կյանքի կոչմանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ Արցախն ինքնակամ միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել և հաջողությամբ իրականացնում է դրանք: Նա հավելեց, որ Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ, և դրանց պաշտպանության նպատակով համագործակցությունը ևս պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության: