Ամոթը ձեր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը` Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարություններին, որ իր նկատմամբ տեղեկատվական տեռոր է իրականացվում ու ողջ պետական ռեսուրսը, ըստ էության, աշխատում է իր դեմ:
Նախօրեին Փաշինյանը, մասնավորապես, հայտարարեց, որ «ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը, ապաև նշեց, թե կզբաղվի դրանով, որպեսզի հասկանա, թե այդ ո՞վ է տեռոր անում թեկնածուին:
Այսօր իրավիճակին անդրադարձավ նաև Նաիրա Զոհրաբյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ փաստերը, որ նա այսօր ներկայացրել է ոստիկանությանը, բավարար կլինեն վարչապետի հասկանալու, որ ամոթը իր քաղաքական թիմինն է, որ ամոթը իր դաշինքի ավագանու անդամներինն է, ովքեր ամենաանբարո, ամենախուլիգան, ամենավիրավորական հայհոյանքներն են հասցրել իրեն, իր երեխային, ծնողներին.
«Դա ես չեմ ներելու` պատասխան եք տալու: Ամբողջ կյանքս դնելու եմ նրան, որ դուք բոլորդ, հատ-հատ, իրավական հարթության մեջ պատասխան տաք դրա համար: Ես կրկնում եմ` սա ես դարձնելու եմ իմ կյանքի նպատակը, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը իրավական դաշտում պատասխան տա»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր հայտարարությունից հետո շատերը ափալ-թափալ սկսել են մաքրել իրենց գրառումները, բայց ապարդյուն, քանի որ դրա մեծամասնությունն իրենց ձեռքի տակ է, ներկայացվել է ոստիկանություն ու եվրոպական կառույցներին, այնպես որ առաջիկա օրերին «սպասեք նաև միջազգային շատ կոշտ և խիստ գնահատականների».
«Դուք ամենավատ ծառայությունը մատուցեցիք Նիկոլ Փաշինյանին, դուք ամենավատ ծառայությունը մատուցեցիք ՀՀ հեղինակությանը»,- հավելեց նա:
Նշենք, որ սոցիալական ցանցերում Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր Նաիրա Զոհրաբյանը, թերևս, ամենից շատն է քննադատվել: Նրա հասցեին հնչում են հայհոյանքներ, նվաստացնող ու արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ, տեղադրվում նմանատիպ բովանդակությամբ լուսանկարներ, որոնց մասին թեկնածուն բազմիցս է հայտարարել: